You are here

«Ընտանիք» կենտրոնի սաների գրանցած հաղթանակները «ԴիջիԿոդ 2019» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլում

Ապրիլի 6-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «ԴիջիԿոդ 2019» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթի եզրափակիչ փուլը, որին մասնակցեցին ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի ռադիոէլեկտրոնիկայի խմբակի սաներ Գոռ Գևորգյանը` «Երկրաչափական պատկերներ» և Սահակ Սահակյանը`«Sahak՛s bot» նախագծերով: 
ՀՀ բոլոր մարզերից, Արցախի և Ջավախքի տարբեր կրթօջախներից 300-ից ավել դեռահասներից եզրափակիչ փուլ էին անցել 65-ը:  
Մրցույթի նպատակն էր խրախուսել և զարգացնել դեռահասների ալգորիթմական մտածողությունը, բացահայտել տաղանդավոր պատանիներին, հնարավորություն տալ զարգացնել ստեղծագործական ունակությունները, ուղղորդել նրանց դեպի առաջատար տեխնոլոգիաներ, ստեղծել արդյունավետ հարթակ՝ կիսվելու գիտելիքներով և նորարար գաղափարներով:
Աշխատելով Կրիա, Scratch և Python ծրագրավորման լեզուներով` մասնակիցները ներկայացրին իրենց ստեղծած խաղերն ու նախագծերը մասնագիտական ժյուրիին և մրցեցին «Լավագույն դիզայն», «Լավագույն ալգորիթմական լուծում», «Լավագույն ինտերակտիվ անիմացիա», «Լավագույն ինտերակտիվ անիմացիա և սարքերի ինտեգրում», «Լավագույն խաղ» անվանակարգերում:
«Լավագույն սարքերի ինտեգրում» անվանակարգում «Ընտանիք» կենտրոնի սաներ Սահակ Սահակյանը գրավեց 1-ին տեղը՝ ստանալով հավաստագիր և մրցանակային նվեր, իսկ Գոռ Գևորգյանը «Լավագույն ալգորիթմական լուծում» անվանակարգում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ արժանանալով հավաստագրի: 
Սահակի նախագիծն արժանացավ բարձր գնահատանքի ժյուրիի անդամների կողմից, ովքեր առաջարկեցին նախագիծը զարգացնել և ներկայացնել 2019 թվականին Հայաստանում կայանալիք Ինֆորմացիոն տեխնոլոգիաների միջազգային կոնգրեսում: 
Հավելենք նաև, որ Սահակ Սահակյանը «ԴիջիԿոդ 2017» կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթում իր ստեղծած խաղով «Արմաթի մրցանակ» անվանակարգում ճանաչվել է լավագույնը՝ արժանանալով հավաստագրի և մրցանակի: 
 
Ս. Էլբակյան
  
09/04/2019