You are here

«Ընտանիք» կենտրոն. «Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով բաց դաս

Մայիսի 2-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անգլերենի խմբակի սաները ներկայացրին բաց դաս՝«Բարի գալուստ, Լոնդո՛ն» խորագրով։
Դասը սկսվեց Մեծ Բրիտանիայի օրհներգով, երկրի  հիմնական խորհրդանիշերի մասին պատմող սահիկահանդեսի ցուցադրությամբ։
Դասը կառուցված էր խմբակային մեթոդով։ Յուրաքանչյուր խումբ նախապես ընտրել էր անվանում, ներկայացվող թեման և պատրաստել դրանց համապատասխան ցուցապաստառ։ Խմբերը համառոտ տեղեկություններ հաղորդեցին Լոնդոնի հիմնադրման, կառավարման և կրթական համակարգերի, մշակութային  առանձնահատկությունների, տեսարժան վայրերի և անգլիական գրականության վերաբերյալ՝ զուգահեռաբար ընթացող սահիկաշարի միջոցով։
Սաներն ներկայացրին փոքրիկ բեմականացված  երկխոսություն լոնդոնցիների սիրած զբաղմունքների և ազատ ժամանցի վերաբերյալ՝ օգտագործելով լեզվական կարողությունները և բրիտանական առավել հաճախ գործածվող դարձվածքներն ու արտահայտությունները։
Անգլերենի խմբակի սաները, անդրադառնալով նաև անգլիացի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններին, ընթերցեցին իրենց կողմից կատարած համապատասխան թարգմանությունները։
Բաց դասն ամփոփվեց սաների գիտելիքների  ստուգմամբ՝ թեմայի վերաբերյալ նախապես կազմված խաչբառի և հարցերի միջոցով:
Դասը նպատակային էր և նպաստեց սաների անգլերեն  բանավոր խոսքի զարգացմանը, բառապաշարի հարստացմանը և նրանց մեջ դաստիարակեց այլ ազգերի մշակույթին հաղորդակից լինելու պատրաստակամություն:
 
Հ.Սահակյան
     
04/05/2018