Դեկտեմբերի 4-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Գույներն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես՝ նվիրված Հաշմանդամների միջազգային օրվան:
Ցուցասրահում ներկայացված էին կենտրոնի գեղանկարչության խմբակի սաների ստեղծագործական աշխատանքները:
Ցուցահանդեսի նպատակն էր խթանել ֆիզիկական սահմանափակ կարողություններ ունեցող երեխաների ստեղծագործելու և գույները ներդաշնակ համադրելու կարողությունը, ստեղծել հնարավորություն ինքնադրսևորվելու, ներգրավել հասարակական աշխատանքներին, ներկայացնել կենտրոնի գեղանկարչության խմբակի հաշմանդամ սաների աշխատանքները:
Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, ծնողներ և մանկավարժներ, սաներ:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ խմբավար Ա.Մուրադյանը, նա հակիրճ անդրադարձ կատարեց Հաշմանդամների միջազգային օրվան, նշեց, որ հասարակությունը պետք է իրազեկված լինի հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հուզող խնդիրների մասին:
Մուրադյանը, անդրադառնալով դեռահասների աշխատանքներին, նշեց, որ սաները ցուցադրված աշխատանքներում յուրօրինակ ձևով են արտացոլել կյանքն՝ իր բոլոր գույներով, բոլոր երեխաներն էլ ունեն յուրատիպ գունային զգացողություն, վարժ տիրապետում են նկարչական տեխնիկային և ստեղծագործելու ընթացքում լավագույն ստեղծագործական մոտեցումներ են դրսևորել:
Ելույթ ունեցավ նաև կենտրոնի փոխտնօրեն Ս.Պետրոսյանը: Նա իր խոսքում նշեց, որ «Ընտանիք» կենտրոնում սովորում են նաև ֆիզիկական, մտավոր դժվարություններ և հատուկ կարիքներ ունեցող սաներ, որոնց համար ստեղծված են բոլոր պայմանները՝ լիարժեք արտադպրոցական անվճար կրթություն ստանալու համար:
Ներկաները դիտեցին ցուցահանդեսը և բարձր գնահատեցին դեռահասների, հաշմանդամ սաների ձեռքի աշխատանքները, մասնագիտական կարողություններն ու հմտությունները:
«Գույներն իմ աչքերով» խորագրով ցուցահանդեսին լավագույն մասնակից սաները պարգևատրվեցին պատվոգրերով:
Ցուցահանդեսից տպավորված ծնողները ևս արտահայտեցին իրենց կարծիքները. նրանք շնորհակալություն հայտնեցին նմանօրինակ միջոցառման համար՝ շեշտելով, որ կենտրոնի համապատասխան պայմանների առկայությունը նպաստում է հաշմանդամների հիմնախնդիրների լուծմանը և նրանց հասարակության լիիրավ անդամ դառալու գործընթացին:
Ա. Մուրադյան
08/12/2017