Հունիսի 13-ին «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնին ցուցասրահում գեղանկարչության խմբակի սաների մասնակցությամբ անցկացվեց ցուցահանդես՝ «Ես և իմ աշխարհը» խորագրով:
Միջոցառման նպատակն էր նպաստել սաների ստեղծագործական մտքի զարգացմանը, բացահայտել շնորհալի մասնակիցներին, ոգևորել նրանց՝ ցուցադրելով իրենց աշխատանքները:
Միջոցառմանը ներկա էին Գյումրու Օյունջյան արվեստի դպրոցի քանդակագործ Զոհրապ Մկրտչյանը, Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի գեղանկարիչ Ժիրայր Զաքյանը, գեղանկարիչներ Մհեր Հովհաննիսյանը, Սարգիս Մկրտչյանը, կենտրոնի տարբեր խմբակների սաներ, մանկավարժներ, ծնողներ:
Սաների աշխատանքներն աչքի ընկան գունային վառ երևակայությամբ, ստեղծագործական ճկուն մտքի դրսևորմամբ: «Իմ ընտանիքը», «Համերաշխություն», «Աշխարհի երեխաները բարեկամներ են», «Ընկերություն», «Իմ քաղաքը» և նման թեմաներով աշխատանքների միջոցով դեռահասները հանդիսատեսի առջև բացել էին իրենց ուրույն ներաշխարհը. այստեղ միախառնվել էին նրանց երազանքները ու ցանկությունները:
Ցուցահանդեսը հանդիսատեսին ներկայացվեց տարբերվող ձևով. յուրահատուկ ցուցադրման ոճ էր ընտրվել: Աշխատանքները փակցվել էին խորանարդների և այլ երկրաչափական մարմինների վրա, որոնք առանձնակի գնահատման արժանացան:
Փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը տնօրինության կողմից պատվոգրեր հանձնեց ցուցահանդեսին մասնակից մի քանի սաներին՝ ստեղծագործական ունակությունների, գունային վառ երևակայության և ակտիվ մասնակցության համար:
Միջոցառման ավարտին ելույթ ունեցան նաև հյուրերն ու ծնողները՝ հայտնելով իրենց գոհունակությունը և նշեցին, որ այն հնարավորություն տվեց սաներին զարգացնելու ստեղծագործական միտքը և ձեռք բերեցին աշխատանքները ներկայացնելու կարողություններ:
Ա. Մուրադյան
22/06/2018