Նոյեմբերի 24-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ «Երբ գալիս է աշունը» խորագրով գեղարվեստական միջոցառում և սաների մոդելավորած հագուստների ցուցադրում: Միջոցառման նպատակն էր ցուցադրել հագուստի մոդելավորման խմբակի սաների աշխատանքների աշնանային հավաքածուն, ներկայացնել վարսավիրական արվեստի խմբակի սաների հմտությունները, ձևավորել աշնանային գունեղ երանգները համադրելու կարողություն:
Փոքրիկ «նկարիչը» կախարդական վրձնով դահլիճ էր բերել աշնանային զարմանահրաշ, բազմագունակ ներկապնակը և շուրջը լցրել աշնան գունեղ պատկերներով:
Դահլիճում տիրում էր ջերմ ու մտերմիկ մթնոլորտ: Հագուստի մոդելավորման և վարսավիրական խմբակի սաները գողտրիկ բանաստեղծությունների, համահունչ երգ ու պարի միջոցով հանդիսատեսին ներկայացրին աշնանային բազմերանգ ու հմայիչ տեսարան: Միջոցառման ընթացքում դեռահաները կարծես հանդիպել էին աշնան թախծոտ երգիչ Տերյանին և լցվել բանաստեղծի մոգական հմայքով և սիրառատությամբ:
Աշնանային բազմաթույր գույները սաներն արտացոլել էին իրենց մոդելավորած հագուստներում: Նրանք հանդիսատեսին ներկայացրին ինքնագործ ստեղծած աշնանային հավաքածուն: Յուրաքանչյուր ցուցադրություն ինքնատիպ էր, յուրովի՝ ոճային ճիշտ ընտրությանբ և գունային ներդաշնակությամբ: Վարսավիրական խմբակի սաների հագուստներին համապատասխան ձևավորած սանրվածքներն էլ ավելի տպավորիչ դարձրին մասնակիցների ելույթները:
Ներկաները, բարձր գնահատելով սաների կարողություններն ու հմտությունները, գոհունակություն հայտնեցին միջոցառման կազմակերպիչներին:
Գ. Աղաջանյան
28/11/2017