Դեկտեմբերի 20-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ամանորյա միջոցառումների շարքը։ Թատերական արվեստի խմբակի սաները ներկայացրին «Կաղանդի երազանքը» խորագրով մյուզիքլ թատերական ներկայացումը։
Ներկայացումը սկսվեց գլխավոր հերոսուհի՝ Սելինայի կերպարի ծանոթացմամբ, որի ամանորյա երազանքը անտեսված էր իր ծնողների կողմից: Միջոցառման սկզբում թվում էր, թե ամեն ինչ տխուր ավարտ է ունենալու, սակայն բեմադրությունն ուներ լավատեսական միտումներ. իրականացավ Սելինայի ամանորյա երազանքները: Կարդալով Սելինայի նամակը՝ Ձմեռ պապիկը անչափ հուզվեց և այցելելով նրա տուն՝ բերեց սեր, խաղաղություն և ավետումը փոքրիկ փրկչի ծննդյան: Միջոցառման առանցքում ընկերասիրության, մարդասիրության, նվիրվածության վեհ գաղափարներն էին, որոնք սաները մարմնավորել էին իրենց կերպարներով:
Ներկայացման բուն նպատակը ոչ միայն հանդիսատեսին ուրախացնելն էր, այլ հավատի ներշնչումը, որ կիրականանան կաղանդի բոլոր երազանքները: Մյուզիքլի ընթացքում՝ ըստ տեսարանների, հնչեցին ամանորյա երգերը. «Կաղանդ կուգա փոքրիկներ», «Kumbaya», «Ես նկարիչ փիսոն եմ», «Գիշերն իջավ», «Santa clause is coming to town», «Լուռ գիշեր», «Կաղանդ է այսօր», «Տոնածառ», «Կաղանդ պապան ուշ է մնացեր», «Զանգակներ-զանգակներ», «It’s the most wonderful time of the year», «Իմ սիրուն երկիր» և «Ծափ զարկ աշխարհ»:
Հատկանշական էր խմբակի ղեկավար և բեմադրիչ Վ. Թանաշեանի ներկայությունը բեմում Ձմեռ պապիկի դերում, իսկ ներկայացման ավարտին բոլորին անակնկալ էր սպասվում. Ձմեռ պապիկի կերպարով բեմ բարձրացավ ներկայացման հեղինակ բեմադրիչ Հարութ Հարպոյեանը, որը Լիբանանից ժամանել էր «Ընտանիք» կենտրոն՝ ներկա լինելու իր իսկ հեղինակած ներկայացմանը: Նա չափազանց տպավորված էր և ամանորյա բարեմաղթանքներ հաղորդելուց զատ իր գոհունակությունը հայտնեց ներկայացման առիթով՝ նշելով, որ այն ուներ հետաքրքիր ստեղծագործական մոտեցումներ և լուծումներ:
Վ. Թանաշեան
26/12/2019