Մայիսի 10-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Ձոն մայրերին» խորագրով համերգ՝ կենտրոնի նորաստեղծ փողային գործիքների ուսուցման խմբակի սաների մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել սաների գիտելիքներն ու կատարողական կարողությունները, նրանց մոտ ձևավորել բեմական կուլտուրա և ելույթ ունենալու փորձառություն:
Համերգը ևս մեկ առիթ էր նշելու մայիսյան փառահեղ հաղթանակները, որոնք բեկումնային եղան հայ ժողովրդի համար:
Երգացանկում ընդգրկված էին հայազգի հայտնի կոմպոզիտորներ Առնո Բաբաջանյանի, Կոնստանտին Օրբելյանի, Արա Գևորգյանի դասական ու էստրադային ստեղծագործությունները և ժողովրդական երգեր՝ ըստ Գեորգի Ձամուկաշվիլու, Եվգենի Մարտինովի, Ալեքսեյ Շկալյառի գործիքավորումների:
Փողային նվագախմբի սաները տնօրինությանը, մանկավարժներին և ծնողներին առաջին անգամ հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց երաժշտական ունակություններն ու կենտրոնում ստացած գիտելիքները: Նրանց մատուցած յուրաքանչյուր ստեղծագործություն ազդեցիկ էր հնչողությամբ և կատարողականությամբ: Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց դուդուկի և փողային նվագախմբի համադրությամբ հնչած «Ո˜վ սիրուն, սիրուն» ժողովրդական երգը:
Միջոցառման ավարտին կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ողջունեց խմբավարին և սաներին անդրանիկ և կայացած ելույթի համար: Նա նշեց, որ նմանօրինակ միջոցառումները հաղթանակով են պսակվում, քանի որ մասնակիցները եռանդ ու ջանք չեն խնայում արդյունքի հասնելու համար և ունեն խոստումնալից ապագա: Գնահատելի է նաև այն հանգամանքը, որ կենտրոնում անգամ նորաստեղծ խմբերը իսկզբանե պահպանում են աշխատանքային հարազատ ձեռագիրը:
Հանդիսատեսն իր ծափողջույններով ևս բարձր գնահատեց խմբակի ստեղծագործական աշխատանքի արդյունքը:
Գ. Կոստանյան
11/05/2018