You are here

«Ընտանիք» կենտրոն. «Մասնագիտական կողմնորոշման» դասեր Լոռու և Արմավիրի մարզերում

ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից իրականացված ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագիրի 2-րդ փուլն ընդգրկեց նաև Լոռու և Արմավիրի մարզերը: Ապրիլի 18-ից 20-ը «Մասնագիտական կողմնորոշման» դասընթացներ անցկացվեցին Լոռու մարզի Մեծ Պարնի, Ծաղկաբեր և Արմավիրի մարզի Նորակերտ համայնքներում:
Ստեղծագործական կենտրոնի մասնագետներն ու շնորհալի սաները պատրաստակամությամբ իրենց մասնագիտական գիտելիքներն ու կարողությունները փոխանցեցին համայնքաբնակ դեռահասներին: 
Համայնքների դպրոցականներից շատերն առաջին անգամ էին զբաղվում մասնագիտական գործնական աշխատանքով, որի ընթացքում ցուցաբերեցին մեծ հետաքրքրություն և շահագրգռվածություն: Նրանք ծանոթացան դեկորատիվ-կիրառական արվեստի ճյուղերի՝ վիտրաժային նկարչության, արծաթագործության, բատիկայի, ասեղնագործության, խեցեգործության, գեղանկարչության, ուլունքագործության, կարպետագործության գաղտնիքներին, ձեռք բերեցին ազգագրական, ժողովրդական պարերի վերաբերյալ գիտելիքներ ու կարողություններ: 
«Երեխաներին տրամադրված ժամանակահատվածն օգտագործվեց շատ արդյունավետ: Աշակերտներն օգտակար տեղեկատվություն, կարողություններ և հմտություններ ձեռք բերեցին տարբեր բնագավառների մասին: Այցը ծառայեց իր նպատակին: Դպրոցի տնօրինությունն ողջունում է այսպիսի նախաձեռնությունները և իր շնորհակալությունն է հայտնում աշխատանքային խմբին»,- նշեց Մեծ Պարնու միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Լ. Ահարոնյանը:
Դասընթացների ավարտին համայնքների դեռահասները ցանկություն հայտնեցին խորացնել իրենց գիտելիքները և տիրապետել կատարողական տեխնիկային նախընտրած մասնագիտության մեջ:
 
            
23/04/2018