You are here

«Ընտանիք» կենտրոն. «Մաքրենք մեր շրջապատը» խորագրով շաբաթօրյակ

Նոյեմբերի 10-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Մաքրենք մեր շրջապատը» խորագրով շաբաթօրյակ: Նպատակն էր՝ դեռահասներին ներգրավել հանրօգուտ, կազմակերպչական աշխատանքների մեջ, նպաստել միջավայրի մաքրության ապահովմանը և բնության պահպանմանը, ձևավորել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար վերաբերմունք:  
Աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին կենտրոնի խմբակների սաները, մանկավարժները և հարակից տարածքի բնակիչները:
Տնօրինության կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ: Ըստ աշխատանքի՝ մասնակիցները բաժանվեցին խմբերի, սաներին և մանկավարժներին տրամադրվեց անհրաժեշտ տնտեսական նյութեր և պարագաներ: Դեռահասները պատրաստակամությամբ և մեծ ջանասիրությամբ մասնակցեցին մաքրման աշխատանքներին կենտրոնի ներսում, բակում և հարակից տարածքներում: Ձմռանն ընդառաջ շաբաթօրյակի մասնակիցները կատարեցին ծառերի մշակում և հողի փխրեցում:
Շաբաթօրյակի ավարտին սաները հարցաթերթիկների միջոցով կիսվեցին իրենց տպավորությունների մասին՝ կարևորելով մաքուր և բարեկարգ տարածքներ ունենալու գաղափարը: Նրանք առաջարկեցին նաև թեմայի շուրջ անցկացնել սեմինարներ:
Շաբաթօրյակի արդյունքում քաղաքի մի փոքրիկ հատված դարձավ ավելի մաքուր և ակնահաճո:
Ք. Մխիթարյան
 
 
 
         
13/11/2018