Մինասը շատ ինքնատիպ ու տաղանդավոր նկարիչ է:
Իրեն գույներուն մեջ հզոր բան մը կա, արտակարգ ուժ մը,
որ շատ ժամանակակից է և շատ հայկական:
Մինասի նկարներուն մեջ ուժեղ կերպով Հայաստանը կզգամ…
Գառզու
Կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հոկտեմբերի 30-ին Շիրակի մարզի Երազգավորս համայնքում իրականացրեց «Մինասի գույները» խորագրով ցուցահանդես-միջոցառում:
Միջոցառման նպատակն էր սաներին ծանոթացնել Մինաս Ավետիսյանի կյանքին և գործունեությանը, ներկայացնել սաների ստեղծագործական ունակություններն ու նկարչական ձիրքը:
Ցուցահանդեսին ներկա էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, Երազգավորսի միջնակարգ դպրոցի տնօրեն Արամ Մխիթարյանը, մանկավարժներ, ծնողներ, աշակերտներ, համայնքի բնակիչներ:
Սաներն անհատական ստեղծագործական աշխատանքներում արտացոլել էին հայրենի բնաշխարհը Մինասի վառ և տաք գույներով` նրա արվեստին բնորոշ երանգների համադրմամբ: Լավագույն աշխատանքների հեղինակներն արժանացան պատվոգրերի:
Ցուցահանդեսին հաջորդեց սաների պատրաստած թեմատիկ միջոցառումը: Նրանք խանդավառված Մինասի բացառիկ տաղանդով, իրենց մանկական պարզության և անկեղծության պրիզմայով ներկայացրեցին «Մինաս» մեծության ու նկարչի բացառիկ տաղանդը, նրա վրձնած կտավների նշանակությունն ու արժեքը հայ գեղանկարչության պատմության գունապնակում: Ցուցադրվող տեսանյութերն ու պատրաստած սահիկահանդեսն ավելի դիտարժան դարձրին ցերեկույթը:
Միջոցառման ավարտին Երազգավորսի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Մխիթարյանն իր և համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնեց «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը և մանկավարժներին նմանատիպ ցուցահանդեսների ու միջոցառումների կազմակերպման, իրենց երեխաների գեղագիտական դաստիարակության իրականացման համար:
Ա. Մանուկյան
01/11/2017