You are here

«Ընտանիք» կենտրոն. «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան

Մարտի 27-ին  կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Ստեղծագործել՝ նշանակում է ապրել» խորագրով միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան:  
Միջոցառման նպատակն էր կարևորել թատրոնի դերը սերունդների դաստիարակման գործընթացում, սաների մեջ առաջացնել հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ և գնահատել Վիլյամ Սարոյանի թողած ժառանգությունը։
Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները հետաքրքիր փաստեր հաղորդեցին հայկական թատերական արվեստի ստեղծման պատմության ու առաջին բեմադրական ներկայացումների վերաբերյալ:
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին թատրոնի հայտնի երախտավորների մասին պատմող տեսանյութ և նրանց մարմնավորած դերերից հատվածներ:
Կենտրոնի թատերական խմբակի սաները թատերասեր հանդիսատեսի համար պատրաստել էին  նաև ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի ‹‹Իմ սիրտը լեռներում է›› պիեսից հատվածի բեմականացում։ Սարոյանական կերպարները կերտած «դերասաններն» իրենց ազատ, անկաշկանդ բեմական  խաղով ներկայացրին հեղինակի տածած թախիծն ու կարոտը, անսահման սերն ու մտորումները հայրենիքի հանդեպ։ 
Ցերեկույթը տպավորիչ էր, ազդեցիկ և ուսուցողական։
 
Հ. Սարգսյան
         
29/03/2018