Մայիսի 27-ից 29-ը ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «100-ամյա հաղթական ղողանջներ» խորագրով ծրագրի շրջանակում իրականացրեց ճանաչողական այցեր Հայաստանի պատմամշակութային վայրեր:
Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաները, Ջավախքի դեռահասները, ստեղծագործական մրցույթի մրցանակակիրներն ու ակտիվ մասնակիցները, ինչպես նաև զինծառայողներ՝ որպես խրախուսանք, այցելեցին Արթիկի տարածաշրջանի Սպանդարյան գյուղի «Կուլիանի» պատմաերկրագիտական թանգարան, Հառիճավանքի վանական համալիր, Բաշ-Ապարանի հերոսամարտի հուշակոթող /Դրոյի գերեզման/, Հայոց այբուբենի հուշարձան, Սաղմոսավանք՝ իրենց խոնարհումն արտահայտելով հայ ժողովրդի պատմությունն ամփոփող հուշակոթողների մոտ։
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի սան Կարինե Մակարյանը շնորհակալություն հայտնեց, որ իրենց հնարավորություն է ընձեռնվել լինելու Հայաստանի տարբեր պատմական վայրեր և անձամբ տեսնել ու հաղորդակից դառնալ այն փաստերին, որոնց մասին բազմիցս լսել ու ուսումնասիրել էին:
Ծրագրի շրջանակում մասնակիցներն այցելեցին նաև Գյումրու Ավ. Իսահակյանի, Հ. Շիրազի, Մ. Մկրտչյանի և Շիրակի մարզի այլ թանգարաններ: Մասնակիցները հնարավորություն ունեցան ուշագրավ տեղեկություններ բացահայտել նրանց կյանքի ու գործունեության վերաբերյալ:
Դեռահասները հաղորդակից դարձան հայ մեծանուն գրողների հարուստ գրական ժառանգությանը, այն մասունքներին ու իրեղեն վկայություններին, որոնք կապված են բանաստեղծների անվան հետ և կրում են նրանց արարիչ ձեռքերի դրոշմը, զգացին նրանց պոեզիայի շունչը, ստեղծագործությունների խորությունն ու վեհությունը:
Արցախի և Ջավախքի դեռահասները հատկապես տպավորված էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգու Մհեր Մկրտչյան մարդ-անհատով։ Թանգարանի ամեն մի անկյունում զետեղված արտիստին պատկանող անձնական իրերը, լուսանկարները ներկաներին փոխանցեցին նրա կենդանի շունչը:
«Վերջապես իմ երազանքն իրականություն դարձավ և ես այցելեցի Գյումրի, որտեղ ինձ ընդունեցին շատ ջերմ ու հարազատորեն: Այս օրերի ընթացքում անցկացված բոլոր միջոցառումները մեզ՝ արցախցիներիս, ավելի ոգևորեցին: Ինձ համար հատկապես տպավորիչ էր Բաշ-Ապարանում գտնվող, իմ ամենասիրելի հերոսներից մեկի՝ Դրոյի գերեզմանին այցելությունը»,- իր կարծիքն արտահայտեց Արցախի դեռահաս Սոֆյա Մելքոնյանը:
Արցախցի և ջավախքցի դեռահասների ճանաչողական էքսկուրսիան սակայն այսքանով չսահմանափակվեց. նրանց համար կազմակերպվեց նաև այցելություններ Ծիծեռնակաբերդ, Կոմիտասի անվան պանթեոն, Մատենադարան, Սարդարապատի հուշահամալիր և Օշական՝ Առաջին ուսուցիչ Մեսրոպ Մաշտոցի գերեզման:
Դեռահասները հուզված ու ոգեշնչված էին: Նրանք շնորհակալական խոսքեր ուղղեցին ծրագրի կազմակերպիչներին՝ ուսուցողական, բացահայտումներով լի օրերի և Հայաստանի պատմամշակութային արժեք ներկայացնող վայրերը ճանաչելի դարձնելու համար:
Հ. Սարգսյան
31/05/2018