You are here

«Ընտանիք» կենտրոն. կրոսավազքի մրցաշարի անցկացում

Հունիսի 3-ին Գյումրի քաղաքի կենտրոնական մարզադաշտում կայացավ ՀՀ և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված «Ֆիզիկական վարժությունները լիարժեք և առողջ կյանքի գրավական» խորագրով կրոսավազքի մրցույթ, որը կազմակերպել էր ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը:
Սպորտային միջոցառմանը մասնակցում էին 100 դեռահաս  (30 աղջիկ և 70 տղա)՝ Ընտանիք ՄՊՍ կենտրոնի, Գյումրու աթլետիկայի մարզադպրոցի, Համահայկական կյոկուշինկայ բուդո կարատեի ֆեդերացիայի մարզադպրոցի սաներ, ինչպես նաև տարբեր կրթական հաստատությունների ուսանողներ:
Մրցաշարի նպատակն էր նպաստել դեռահասների ֆիզիկական պատրաստվածության բարձրացմանը, առաջացնել հետաքրքրություն կրոսավազքի նկատմամբ, ձևավորել առողջ ապրելակերպին հետևելու մշակույթ: 
Մրցույթն անցկացվեց անհատական եղանակով: Տղաները մրցեցին 1000 մ վազքատարածությունում, իսկ աղջիկները՝ 600 մ: Տիրում էր առողջ և հաղթական մթնոլորտ. յուրաքանչյուրը պայքարում էր լավագույն արդյունք ցուցաբերելու համար:  Ծնողները եկել էին ոգևորելու իրենց երեխաներին և նույնպես համահավասար պայքարեցին մրցաշարի մասնակիցների հետ: 
Միջոցառման արդյունքում տղաների կրոսավազքում մրցանակային տեղեր զբաղեցրին Գյումրու աթլետիկայի մարզադպրոցի սաները, իսկ աղջիկների պայքարում 1-ին և 2-րդ պատվավոր տեղերը գրավեցին նույն մարզադպրոցի սաները, 3-րդ տեղը՝ «Ընտանիք» կենտրոնի սանը:
Մրցանակակիրները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով: Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր սպորտային նվաճումներ:
 
Ս. Վարդանյան
        
04/06/2018