You are here

«Ընտանիք» կենտրոն. Ֆրանկոֆոնիային նվիրված «Կյանքն իր բոլոր գույներով» խորագրով միջոցառում

Հոկտեմբերի 25-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց «Կյանքն իր բոլոր գույներով» խորագրով միջոցառում՝ նվիրված ֆրանսահայ նշանավոր նկարիչ Ժան Գառզուին և Ֆրանկոֆոնիային: 
Միջոցառման նպատակն էր ծանոթացնել Ժան Գառզուի կյանքին և գործունեությանը, արժևորել և գնահատել նկարչի արվեստը, թողած ժառանգությունը, նպաստել Ֆրանկոֆոնիայի զարգացմանն ու տարածմանը: 
Ցերեկույթը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի: 
Ֆրանսերենի և գեղանկարչության խմբակների սաները ներկայացրեցին կարևոր փաստեր նկարչի կյանքից՝ «Ընտանիք» հաղորդաշարի բեմականացման միջոցով: Հանդիսատեսը մտովի տեղափոխվեց 90-ական թվականներ: 
Հաղորդաշարը հյուրընկալել էր սաների մարմնավորած կերպարներին. «Մեծն նկարչին» և նրա անցած ուղով հետաքրքրված տարբեր ամսագրերի «լրագրողներին», «արվեստագետներին», «անվանի գործիչներին»: Հարց ու պատասխանի միջոցով հանդիսատեսը ծանոթացավ արվեստագետի ստեղծագործական ուղուն, ձեռքբերումներին, գրական կեղծանունի ստեղծման պատմությանը: 
Տպավորիչ էր նաև Գառզուի /Գառնիկ Զուլումյան/ մասին պատմող տեսանյութը:  Միջոցառման ընթացքում երգարվեստի խմբակի սան Գրիգոր Գալաջյանը, որը ներկայացավ ֆրանսիահայ երգիչ Պատրիկ Ֆիորիի կերպարով, կատարեց «Հայաստանի լեռները» երգը:
Ցերեկույթի ավարտին Գառզուին մարմնավորած գեղանկարչության խմբակի սան Վահրամ Համբարյանը «Ընտանիք» հաղորդաշարին նվիրեց իր վրձնած «Երկնային դրախտ» նկարը:
 
 
Վ. Նահապետյան
      
30/10/2018