You are here

«Ընտանիք կենտրոն». Բաց համերգ նվիրված Երաժշտության միջազգային օրվան

Ազգային երաժշտությունը մը մեծության չափանիշ է,
 երաժշտությունը որքան մեծ է՝ ազգն էլ նույնքան մեծ է։
Կոմիտաս
Հոկտեմբերի 23-ին ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ «Մեղեդի» խորագրով համերգ, որը նվիրված էր Երաժշտության միջազգային օրվան։ Միջոցառման նպատակն էր ներկայացնել հայ երաժշտարվեստի ռահվիրա Կոմիտասին, արժևորել դուդուկը որպես  ազգային նվագարան,  զարգացնել սաների երաժշտական ճաշակը, ինչպես նաև  նպաստել սաների մասնագիտական առաջընթացին և կատարողական կարողությունների ամրապնդմանը։
Կենտրոնի ազգագրական երգ ու պարի, դուդուկի խմբակների սաների մասնակցությամբ կայացած համերգը յուրօրինակ էր ու տպավորիչ։ Հանդիսատեսին հիացրեց տարբեր խմբերի համատեղ պատրաստած պարային ու երաժշտական կատարումները: Ազգագրական երգի խմբակը ներկայացրեց Մեծն Կոմիտասի որոշ խաղիկներ և ռազմահայրենասիրական ոգեշունչ երգեր, պարարվեստի խմբակը՝ ազգային ավանդական պարեր և ազդեցիկ բեմադրություններ, իսկ դուդուկի խմբակի սաները հնչեցրին ամենասիրված և հին երաժշտական գործիքի հոգեթով ելևէջները։
Ներկաների վրա տպավորիչ ազդեցություն թողեց  «Ապրելու ապրիլ» երգի ներքո ցուցադրված պարային բեմադրությունը, որն արտահայտում էր հայի անպարտելի ոգին և հավատքի զորությունը։ Միջոցառումը եզրափակվեց «Ապրել խաղաղ» երգի կատարումով, որը մասնակից սաների կողմից յուրօրինակ կոչ էր՝ բոլոր ազգերի հետ համերաշխ և բարեկամ ապրելու։
Միջոցառման ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն անակնկալ էր պատրաստել գեղանկարչության խմբակի սան Անժելա Պապիկյանի համար: 2017 թվականի ապրիլ ամսին  Ճապոնիայի Կանագավա նահանգում անցկացված «Աշխարհի երեխաներ 19-րդ միջազգային ցուցահանդես»-ում Անժելա Պապիկյանի աշխատանքը 12 տարեկանների խմբում զբաղեցրել էր 1-ին տեղը` արժանանալով դիպլոմի, որը հանձնվեց կենտրոնի տնօրենի կողմից:
Միջոցառումը մեկ անգամ ևս փաստեց, որ մենք` հնամենի մշակութային ժառանգություն կրողներս, բարոյական պատասխանատվություն ենք կրում այն պահպանելու և փոխանցելու հաջորդ սերունդներին...
 
Հ. Սարգսյան
      
30/10/2017