Մարտի 27-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում տեղի ունեցավ «Իմ հոգու կանչը» խորագրով գեղարվեստական միջոցառում՝ նվիրված Թատրոնի միջազգային օրվան:
Միջոցառման նպատակն էր կարևորել թատրոնի դերը հասարակական կյանքում և սերունդների դաստիարակման գործընթացում, առաջացնել հետաքրքրություն թատերական արվեստի նկատմամբ:
Օրվա խորհրդին համահունչ մասնակիցները ներկայացրին թատերական արվեստի պատմությունն անտիկ ժամանակաշրջանից մինչ մեր օրերը: Այնուհետև կենտրոնի թատերական արվեստի խմբակի սաները հանդես եկան ‹‹Անառակ որդու վերադարձը›› առակի բեմականացմամբ և դրա հոգևոր խորհրդի մեկնությամբ՝ ներկայացնելով մարդկային ըմբոստությունը, զղջումն ու խոնարհությունը, աստվածային անսահման ներողամտությունը:
Միջոցառման ընթացքում ներկաները դիտեցին նաև ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծ դերասան Մհեր Մկրտչյանի կյանքի և թատերական գործունեության վերաբերյալ պատմող տեսանյութ, ցուցադրվեցին թատրոնի հայտնի երախտավորների մարմնավորած դերերից հատվածներ:
Միջոցառումը եզրափակեցին պարարվեստի խմբակի սաներն իրենց պարային բեմադրությունը նվիրեցին կենտրոնի ապագա ‹‹դերասաններին›› և թատերասեր հանդիսատեսին:
Մ. Թորոսյան
28/03/2017