«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից իրականացվող «Կոլորիտային քաղաքի գունապատկերը» ծրագրի շրջանակում սաները մասնակցեցին Գյումրու օրվան նվիրված քաղաքային միջոցառումներին։
Գյումրու Սուրբ Հակոբ Մծբնեցի եկեղեցու տարածքում տեղի ունեցավ կենտրոնի կիրառական արվեստի, արհեստի խմբակների սաների ձեռքի աշխատանքների ցուցադրություն և Իմ Գյումրի մոտիվներով նկարչական ֆլեշմոբ, որի նպատակն էր համատեղ կատարած աշխատանքները հանրայնացնելն ու «Արհեստի և արվեստի քաղաք Գյումրի» կարգախոսը վերահաստատելը։
Տարածքում հետաքրքրված մարդիկ հնարավորություն ունեցան հետևելու նաև գեղարվեստական, մարտական, վարսավիրական արվեստների և հագուստի մոդելավորման խմբակների ցուցադրական ելույթներին: Բնակչության համար կազմակերպվեց շախմատային խաղի միաժամանակյա սեանսներ։
Միջոցառումների նպատակն էր նպաստել Գյումրու մշակութային կյանքի վերածննդին, կարևորել արտադպրոցական կրթությամբ զբաղվելու անհրաժեշտությունն արհեստների ու արվեստների տարածման, պահպանման գործում։
Հետաքրքիր ու բովանդակալից օրը հնարավորություն ստեղծեց դեռահասների մոտ զարգացնել մասնագիտական կարողություններ ու հմտություններ, ստեղծագործական աշխատանքների միջոցով ներկայացնել Գյումրվա ինքնատիպ կոլորիտը։