You are here

«Մշակույթն առանց սահմանների» մարզային փառատոն

 
ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ հունիսի 5-ին Շիրակի մարզի սահմանամերձ Երազգավորս համայնքում անցկացվեց «Մշակույթն առանց սահմանների» մարզային փառատոն: 
Փառատոնի նպատակն էր՝ ամրապնդել կապը Շիրակի մարզի համայնքների միջև, նպաստել մշակութային կյանքի աշխուժացմանը, վեր հանել և ծանոթանալ համայնքներին բնորոշ առանձնահատկություններին, ավանդազրույցներին, սովորույթներին, ազգային արժեք ներկայացնող խորհրդանշական իրերին:
Նախկին Բագրատունյաց մայրաքաղաքն իր հարկի տակ հյուրընկալել էր Շիրակի մարզի Աշոցք, Բասեն, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ջրառատ և Ցողամարգ համայնքների դպրոցականներին, «Ընտանիք» կենտրոնի սաներին, ինչպես նաև Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի փողային նվագախմբին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Մալաթիայի հայորդած տան թմբկահարների անսամբլին:
Մարզային փառատոնին ներկա էին ՀՀ Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանը, Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Ա. Հովհաննիսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքների ղեկավարներ, կրթական ու մշակութային հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ, ազգագրագետներ, համայնքների բնակիչներ:
 Փառատոնին իր օրհնությունն էր բերել Տեր Մակար քահանա Գալանդարյանը, ով նմանօրինակ լայնածավալ միջոցառման անցկացումը համարեց ևս մի առիթ ծանոթանալու ազգային մշակույթին` նշելով, որ մշակույթով զորացող մարդը հզոր է, իսկ ազգն` անպարտելի:
Միջոցառմանը յուրաքանչյուր համայնք ներկայացել էր իր բնակավայրին հատկանշական ու ինքնատիպ, մշակութային արժեք ներկայացնող իրերով, բարիքների տեսականիով, որոնք որպես ավանդ ստացել են իրենց նախնիներից: «Ընտանիք» կենտրոնի սաների ցուցադրած արհեստի և արվեստի տարբեր ճյուղերի ձեռագործ աշխատանքները մեծ հետաքրքրություն առաջացրին հյուրերի ու համայնքաբնակների շրջանում: Կենտրոնի սաների և համայնքների դեռահասների անհատական կատարումները,  համեմված ազգային երգի ու երաժշտության հնչյուններով, օրն իսկապես վերածեցին մեծ տոնակատարության:
Ազգագրական «Փափուռի» պարի յուրօրինակ կատարումով ներկայացան կենտրոնի և համայնքների պարային խմբերը, որին հաջորդած ավանդական միասնության շուրջպարն ու քայլերթն ամբողջական դարձրեցին միջոցառումը: Այն դարձավ համայնքների միջև մշակութային երկխոսության կայացման կարևորագույն ազդակ, համախմբվածության և միասնականության վառ արտահայտություն:
Միջոցառման ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը պատվոգրերով,  շնորհակալագրերով ու մրցանակներով պարգևատրեց փողային նվագախմբին, թմբկահարների անսամբլին և համայնքների դպրոցներին` մարզային փառատոնին ակտիվ մասնակցելու համար:
Շիրակի մարզպետ Հ. Սիմոնյանն իր շնորհակալությունը հայտնեց կազմակերպիչներին նման նախաձեռնության համար:
 «Մենք միշտ մտահոգվել ենք, որ ամեն ինչ կենտրոնացվում է մայրաքաղաքում: Այսօր ինձ համար շատ հաճելի ու կարևոր օր է, քանի որ մշակութային միջոցառումներն ապակենտրոնացվում ու տեղափոխվում են համայնքներ: Սա շատ կարևոր նախաձեռնություն է, ողջունում եմ այս գաղափարը»,-նշեց մարզի ղեկավարը:
 
Հ. Սարգսյան