You are here

«Սուրբ Ծննդյան հրաշքն իմ հոգում» խորագրով տոնական միջոցառում

«Հիմա լույս էք ի Տեր. ընթացեք ինչպես լուսո որդիներ.քանզի լուսո պտուղներն են բարությունը, արդարությունը և ճշմարտությունը» (Եփ. 5.8-9):

Գյումրու Սրբոց Նահատակաց եկեղեցու ժողովրդապետ՝ Տեր Գրիգոր ավագ քահանա Մկրտչյանի օրհնությամբ և տերունական միասնական աղոթքով սկսվեց «Սուրբ Ծննդյան հրաշքն իմ հոգում» խորագրով միջոցառումը:

Միջոցառման հանդիսատեսը կենտրոն հաճախող արցախցի սաներն էին: Ավագ քահանա Մկրտչյանն իր հոգևոր քարոզչական խոսքում անդրադարձավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան խորհրդին՝ ի մասնավորի ընդգծելով. «Հիսուս Քրիստոսի հրաշափառ Ծնունդը ոչ այլ ինչ էր, եթե ոչ վերստին հռչակումն աստվածային Եղիցի Լույս հրամանի»:

Ավագ քահանան պատգամեց սիրով ու ջերմությամբ պարուրել արցախցի մեր հայրենակիցներին, որպեսզի վերջիններս հավատան իրենց լուսավոր գալիքին, արցախցիներին հորդորեց վառ պահել իրենց հոգու աստվածային հույսը, լցվել լավատեսությամբ, ապրել ու արարել Մայր Հայաստանում։

Իր որդիական սերն ու անկեղծ երախտագիտությունը հայտնեց կենտրոնին, որ ի հեճուկս բազմաթիվ դժվարությունների շարունակում է թիկունք լինել և աջակցել արցախցի հայրենակիցներին։ Սուրբ Ծննդյան լուսաբեր տոնի առիթով միասնական աղոթք բարձրացվեց առ Աստված հայոց երկրի խաղաղության, նահատակ քաջորդիների հոգիների հանգստության, ինչպես նաև սահմանը հսկող հայ զինվորների համար։

Հոգևոր խոսքից հետո արցախցի սաները դիտեցին «Միմզի» թատերական ստուդիայի «Կախարդական հեքիաթ» ներկայացումը, որի հիմքում անշուշտ բարձրարժեք խորհուրդներ են, որ պետք է կրեն յուրաքանչյուրը՝ երազել, անակնկալների սպասումով ապրել:

Այնուհետև մասնակցեցին Ձմեռ պապի և Ձյունանուշի հետաքրքիր խաղ-մրցույթներին և գեղարվեստկան տոնական գունեղ միջոցառմանը։ Կենտրոնի փողային նվագախմբի, դհոլի և պարարվեստի խմբակների տոնական ելույթներով ամփոփվեց գեղարվեստական միջոցառումը, որից հետո Ձմեռ պապն ու Ձյունանուշը՝ ֆրանսիական Œuvre d’Orient կազմակերպության աջակցությամբ «Ընտանիք» ԲՀԿ կողմից բաժանեցին ամանորյա նվերներ։

27/12/2024