You are here

«Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» ծրագրի եզրափակիչ միջոցառում

Տոնական միջոցառմանը ներկա էին ծրագրի հետ համագործակցող շվեյցարական «Կազա Գյումրի» սոցիալ- ուսուցողական և զարգացման կենտրոնի, Շիրակի մարզի համայնքների ֆրանկոֆոն դպրոցների տնօրեններ, մանկավարժներն, դասախոսներ, արվեստագետներ, ուսանողներ, սաներ և ծնողներ։  Միջոցառման մեկնարկը տրվեց կենտրոնի ցուցասրահում և դահլիճում կազմակերպված «Ստեղծագործենք միասին» խորագրով աշխարհահռչակ ֆրանսահայ գեղանկարիչ Ժան Գառզուի նկարչական ոճով արված, համայնքների դեռահասների և կենտրոնի  գեղանկարչության, մանրանկարչության խմբակների սաների ստեղծագործական լավագույն աշխատանքների ցուցադրությամբ։ Մինչ գեղարվեստական միջոցառումը, «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը ամփոփեց կրթամշակութային ծրագիրը, հյուրերին ներկայացրեց Արցախի Հանրապետություն այցելության հետաքրքիր դրվագները։ Այնուհետև  շնորհակալագրեր հանձեց   ծրագրի մասնակից կրթամշակութային հաստատություններին, ակտիվ մասնակիցներին՝ պատվոգրեր։ Գեղարվեստական ելույթներով հանդես եկան կենտրոնի երգարվեստի, պարարվեստի, դուդուկի և դհոլի խմբակների սաները։ Հնչեցին աշխարհահռչակ շանսոնյեի Շառլ Ազնավուրի հայ-ֆրանսիական կատարումներից, ներկայացվեց հայ-ֆրանսիական մշակույթը։ «Ֆրանկոֆոն մշակույթների բազմազանությունը» խորագրով ծրագիրն իր շուրջն համախմբեց ավելի քան  1100 մասնակիցների, այն լավագույն առիթ ու հարթակ ստեղծեց խորությամբ ուսումնասիրելու Ֆրանկոֆոնիայի պատմությունը, ֆրանսիական և հայկական մշակույթները, արժևորել Հայաստանը ճանաչելի դարձնող հայազգի արվեստագետներին, նպաստել Ֆրանկոֆոնիայի տարածմանը, ֆրանսերեն լեզվի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը։ Հարյուրավոր դեռահասներ հաղորդակից դարձան Ժան Գառզուի  թողած անկրկնելի ժառանգությանը, ճանաչեցին Արցախ աշխարհը։ Միջոցառումների շարքը նպաստեց համայնքներում կրթամշակութային կյանքի աշխուժացմանը, միջհամայնքային կապերի ամրապնդմանը, մասնակիցների մեջ զարգացավ կազմակերպչական և թիմային կարողություններ։

27/06/2022