You are here

Ապրիլյան քառօրյա պատերազմին նվիրված հուշ-ցերեկույթ

Ապրիլի 10-ին և 11-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը   Շիրակի մարզի Աշոցքի մարզամշակութային կենտրոնում և Գյումրիում անցկացրեց «Ապրելու ապրիլ» խորագրով միջոցառում՝ նվիրված ապրիլյան պատերազմին մարտիրոսված քաջորդիներին, որին ներկա էին նաև մարտական գործողություններին մասնակից հերոսներ:
Միջոցառման նպատակն էր բարձրացնել դեռահասների ռազմահայրենասիրական ոգին, ռազմական գործողությունների ընթացքում մարտիկների ցուցաբերած սխրագործությունների օրինակով սաների մեջ դաստիարակել հայրենի երկրի սահմանները անառիկ պահելու պատրաստակամություն, դժվարություններին դիմակայելու և հաղթահարելու կամք:
Միջոցառումը սկսվեց «Հերոս մարտիկը» երգի ներքո բեմադրված «Եռաբլուր» պարով, որի միջոցով սաներն իրենց խոնարհումն արտահայտեցին նահատակված հերոսների հիշատակին:
Հուշ-ցերեկույթը իր մեջ ամփոփում էր հայ զինվորի հերոսական կերպարը, ցույց տալիս  անկախության սերնդի ամուր ու համառ կամքը,  հայրենասեր ու արժանապատիվ ոգին: Միջոցառման մասնակիցները ներկայացրին 18-20 տարեկան զինվորների և հրամանատարների սխրանքները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն Մայր հայրենիքի: Ներկաներին խորը հուզմունք պատճառեց  ‹‹Պատիվ ունեմ›› երգի կատարումն ու ցուցադրած սահիկաշարը:
Միջոցառման ավարտին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը կատարած  հերոսները փոքրիկ զինվորներին նվիրեցին խորհրդանշական խաչեր՝ Աստծո զորությունն ու օրհնությունը փոխանցելով հայրենիքի ապագա պաշտպաններին: 
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը կարևորեց միջոցառման դաստիարակչական նշանակությունը, հավաստելով որ սերունդները անուն առ անուն կհիշեն հերոսացած հայորդիներին:
 
 
13/04/2017