Հայրենիք մի սպասեք օտարից և ճակատագրից,
եթե դա ձեր արյունով պաշտպանելու
չափ հայրենասեր չեք:
Գ.Նժդեհ
Ապրիլի 25-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կետրոնում տեղի ունեցավ ‹‹Ապրում էր մի հին, մի հաշտ ժողովուրդ…›› խորագրով միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին:
Միջոցառումը նպատակ ուներ Կոմիտասի կերպարի միջոցով ներկայացնել Եղեռի ողջ ողբերգությունը, բարձրացնել ազգային արժանապատվության ու հայրենասիրության ոգին, դեռահասների մեջ սերմանել պահանջատեր լինելու գաղափար:
Միջոցառումը սկսվեց խաղաղ ժողովրդի կյանք նկարագրող տեսարանով. բեմում հայ ռամիկն էր, Աստվածաշունչը ձեռքին աղոթք շշնջացող հավատացյալը, հնձվորներին ջուր բերող հայուհին, ովքեր իրենց աշխատանքով ապրում էին և արարում: Սակայն ամեն բան խաթարվեց հայերի տեղահանության ու բնաջնջման մասին օսմանյան կայսրության կողմից նախապես ծրագրված գաղտնի համաձայնության իրագործմամբ:
Մասնակիցները խնկարկելով և մոմեր վառելով՝ իրենց խոնարհումը բերին մեծն Կոմիտասին:
Արևմտահայ մտավորականների՝ Ռուբեն Սևակի, Դանիել Վարուժանի ու Կոմիտասի կերպարների միջոցով և գաղթի տեսարանով ցույց տվեցին հայ ժողովրդի կրած զրկանքներն ու չարչարանքները: Սաները ներկայացրին սարսափելի արհավիրքին դիմակայած հայ ժողովրդի կրկին վեր հառնելու կամքը, ավերումի դեմ ստեղծելու, ապրելու համար համառորեն պայքարելու ձգտումը. հայը և նրա ոգին ոչ միայն ապրեց, այլև վրեժխնդիր եղավ հաշվեհարդարի ենթարկելով Մեծ Եղեռնի մեղավորներին: Մասնակից դեռահասները հաջորդաբար ներկայացրին հայ վրիժառուներին և նրանց հերոսական քայլերը:
‹‹Իմ հայ ժողովուրդ, դու ապրե՛լ ես, կա՛ս, այսպես ապրելով…››,- այս խոսքերով էլ միջոցառումը եզրափակեց անմոռուկի կերպարով փոքրիկը:
Հ. Սարգսյան