You are here

Գյումրին «Ընտանիք» կենտրոնի սաների ստեղծագործություններում

 
Սեպտեմբերի 25-ին ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը «Գյումրու օր» խորագրով ծրագրի շրջանակում իր ակտիվ մասնակցությունն ունեցավ քաղաքի օրվան նվիրված ամենամյա տոնակատարությանը: 
Նպատակն էր` սաներին մասնակից դարձնել քաղաքային միջոցառումերին, խթանել սաների համագործակցելու կարողությունները, ցուցադրվող աշխատանքների միջոցով ներկաներին հաղորդել ազգային արհեստի ու արվեստի շունչը:
Կենտրոնի դեկորատիվ-կիրառական արվեստի խմբակների սաները խմբավարների հետ դեռևս մարտ ամսից էին սկսել նախապատրաստվել միջոցառմանը: Ստեղծվեցին աշխատանքներ, որոնք արտահայտում էին քաղաքին բնորոշ մշակույթը: Ակնառու էր յուրաքանչյուր ստեղծագործությունում սաների արտացոլած անսահման նվիրումն ու սերը հարազատ բնօրրանի վերաբերյալ: Ժամանակակիցի, ազգայինի ու ավանդականի համադրմամբ ստեղծված կենտրոնի սաների ստեղծագործությունները անտարբեր չթողեցին գյումրեցիներին և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներին:
Գյումրու օրը գյումրեցիների հետ նշեցին նաև ՀՀ անկախության և «Ընտանիք» կենտրոնի գործունեության 25-ամյակների կապակցությամբ կենտրոն ժամանած Արցախի և Ջավախքի դեռահասները: Նրանք ևս մասնակից դարձան քաղաքային միջոցառումներին` ցուցահանդեսին, գեղարվեստական միջոցառումներին, ավանդական դարձած ‹‹Հացի փառատոն››-ին: Վերջինս մեծ հետաքրքրություն առաջացրեց արցախցի ու ջավախքցի դպրոցականների մոտ, որոնք առաջին անգամ էին ներկա գտնվում նմանօրինակ փառատոնի:
«Շատ եմ հավանել Գյումրին և նրա տեսարժան վայրերը. գնացել ենք թանգարաններ, եկեղեցիներ: Առաջին անգամ եմ այստեղ, շատ սիրեցի Գյումրին և գյումրեցիներին»,-իր հիացմունքն ու տպավորություններն արտահայտեց արցախցի 12-ամյա դեռահաս Գոռ Գրիգորյանը Գյումրի կատարած այցից:
Ցուցահանդեսին կենտրոնի սաները իրենց աշխատանքով և ստեղծագործական մտքով մշակութային քաղաքի գունապատկերին հաղորդել էին նոր ու վառ երանգ` յուրովի պատկերելով Գյումրվա կոլորիտը, պատմամշակութային արժեքները: Դեռահասների աշխատանքները կարծես յուրօրինակ կոչ էր` ուղղված ազգային ավանդույթների, արհեստի և արվեստի վերականգմանն և պահպանմանը: 
 
Հ. Սարգսյան