You are here

Հավերժ փառք և խոնարհում հայ մայրերին

ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը մարտի 13-ից ապրիլի 12-ը իր հարկի տակ և Շիրակի մարզի Ջրառատ, Բասեն, Երազգավորս համայնքներում իրականացրեց մայրության և գեղեցկության միամսյակին նվիրված մի շարք միջոցառումներ:
Ապրիլի 11-ին «Ընտանիք» կենտրոնում անցկացված ‹‹Գարունը սեր է›› և ապրիլի 12-ին Երազգավորսի միջնակարգ դպրոցում իրանանացված ‹‹Մայրն է Արևը մեր տան›› խորագրով միջոցառումներն ունեցան չնախատեսված ընթացք. միջոցառումներում տեղ գտած յուրաքանչյուր դրվագ կենտրոնի սաները վերածեցին հայ զինվորի մայրերին ուղղված յուրօրինակ կոչերի՝ ընդգծելով նրանց կերպարի առանձնահատկություններն ու անգնահատելի դերը զավակների մեջ հայրենասիրական վեհ արժեքներ դաստիարակելու գործում: 
Ե՛վ կենտրոնում, և՛ համայնքում միջոցառումը սկսվեց լռության րոպեով՝ որպես հարգանք ու խոնարհում արցախյան ներկայիս հերոսամարտում աննահանջ պայքար մղած և հերոսի մահով ընկած քաջորդիների:
Միջոցառման մասնակիցները պատմական անդրադարձ կատարեցին տարբեր ժամանակահատվածներում հայ կին-հերոսներին՝ Փառանձեմ Սյունեցուն, Սոսե մայրիկին և այլոց, ովքեր, սթափված  հայրենիքի գոյության ու անվտանգության պահպանության գիտակցումից,  մոռացած սեփական վիշտն ու ողբասացի կերպարը, հանդես եկան անձնուրաց ու քաջակորով հայրենասերի, իրենց որդիների ու ամուսինների հետ հավասար պայքար մղող մարտիկի դերում, որոնք ավելի գերադասելի արժեքներ դարձան, քան իրենց սեփական կյանքը: Դեռահասները մեծարեցին նաև նրանցից սերված հայ մայրերին՝ հերոս զինվորներ ծնելու ու դաստիարակելու համար, ովքեր այսօր իրենց պատվական արյունը թափվելով խաղաղության համար, պահպանում են մեր պապերից ժառանգված հողերն ու հայրենի սահմանները: 
Միջոցառումների ընթացքում հնչած ոգեշունչ բանաստեղծությունները, ռազմահայրենասիրական պարային ու երաժշտական կատարումներն անասելի հուզմունք պատճառեցին հանդիսատեսին:
Կենտրոնի հագուստի մոդելավորման խմբակի սաները իրենց մոդելավորած զգեստների միջոցով արտահայտեցին տոկուն, անվեհեր ու ստեղծագործ հայ կնոջ կերպարը:
Հավերժ փառք Ձեզ հայոց փափկասուն և մարտնչող մայրե՛ր, մեր սրբազան հողի պաշտպաննե՛ր:  Ձեր օրինակով դեռ կուսուցանվեն ու կկրթվեն բազում սերունդներ: Թող Ձեր արիությունը, խիզախությունը, ողջամտությունը և սերը ուժ հաղորդեն հայ զինվորին:
 
Հ. Սարգսյան