Հիսուս Քրիստոսի հրաշափառ տոնը Հայ եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն: Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան: Տոնին նվիրված «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգեհոնի խմբակի սաներն՝ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նվիրված երգեհոնային համերգ-միջոցառում անցկացրեցին։
Միջոցառումը սկսվեց՝ Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու հոգևոր սպասավոր Ռոման սարկավագ Փանիկյանի օրհունթյամբ և տերունական աղոթքով։ Միջոցառմանը ներկա էին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի կատարողական բաժնի դասախոս, դաշնակահար, դոցենտ Աննա Թամիրօղլյանը, կենտրոնի մանկավարժներ, տարբեր խմբակների սաներ և ծնողներ:
Սաները Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի հոգևոր խորհրդի, ժողովրդական ավանդույթների մասին տեղեկություններ ներկայացրեցին, այնուհետև հանդես եկան հայ կոմպոզիտորների, հատուկ երգեհոնի համար մշակված, հոգևոր ստեղծագործությունների, եվրոպական կոմպոզիտորների խորալային պրելյուդների, ֆուգաների, պիեսների կատարումներով:
Ապագա երգեհոնահարները մեծ ոգևորությամբ ու հաջողությամբ կատարեցին երաժշտական գոհարների երգեհոնային մշակումները: Սաների համար միջոցառումը պարտավորեցնող էր, շատերի համար սա առաջին բեմելն էր, և վերջիններս պատվով ներկայացան։
Ծրագրի միջոցով ևս մեկ անգամ գնահատվեց ու արժևորվեց հոգևոր մշակույթը, երգեհոն գործիքի տեխնիկան։ Ունկնդիրները բավականություն ստացան քաղաքում կիրառվող եզակի ու անկրկնելի գործիքի՝ երգեհոնի հնչեղությունից ու սաների կատարողական արվեստից։ Երգեհոնային համերգ-միջոցառմամբ արձանագրվեց ևս մեկ գեղեցիկ փաստ՝ հոգևոր երաժշտությունը լսելի է նաև այլ՝ փոքր սրահներում: