You are here

Հովհաննես Շիրազին նվիրված գրական ցերեկույթ


«Ժամանակակից հայ պոեզիան արթնացավ Շիրազ սարի վրա»
 Պարույր Սևակ
 
Մարտի 19-ին «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում տեղի ունեցավ քսաներորդ դարի հայ հանճարեղ բանաստեղծ, մտքի անզուգական երգիչ՝ Հովհաննես Շիրազին նվիրված գրական ցերեկույթ, նվիրված Հայոց մեծ եղեռնի 100-ամյակին:
Բանաստեղծի զգայուն հոգու բնական մեղմ ելևէջներով ազդարարվեց միջոցառման բացումը՝ ներկաներին տեղափոխելով Շիրազի աշխարհ, որտեղ ամեն բառ զենք է՝ նվաճելու ունկնդրին: Շիրազ՝ բանաստեղծ, ով եկավ հանելու այն վախի արատը, որ տասնամյակներով ներարկվել էր  և ստիպել հայ մարդուն վախով արտահայտվել իր պատմության և իր գենի մասին: 
Բնության և մարդկային հոգու բանաստեղծական դյութիչ աշխարհում, պոեզիայի անհուն խորությամբ ու բյուրեղյա պարզությամբ սաները ներկայացրեցին պատառիկներ Շիրազի կյանքից ու սերունդներին թողած հարուստ ժառանգությունից: Պատանեկան շուրթերից հնչած բառերը նոր շունչ էին առել՝ զգացմունքայնությամբ համակելով բոլորին:
Բանաստեղծի քնարի աշուղական, քնարական և փիլիսոփայական լարերը հնչեցին անգլերեն և հայերեն լեզուներով:
Սրտառուչ երգերի կատարումներն իրենց մեջ ամփոփում էին նաև շիրազյան քնարերգության մեջ իշխող գարնան զվարթ պատկերները, բնության հավերժ նորոգ ու կենդանի գույները, կյանքի ու մարդու ներդաշնակ ապրումների խորհրդավոր զուգորդումները:
Հանդիսականն ըմբոշխնեց Հովհաննես Շիրազի չնաշխարհիկ պոեզիայի թովչանքը:
 
Սեդա Հակոբյան