You are here

Ճանաչողական այց Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Ամբերդ ամրոց-եկեղեցական համալիր

Նոյեմբերի 8-ին ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթամշակութային ծրագրի ակտիվ մասնակից՝ «Ընտանիք» կենտրոնի և  Շիրակի մարզի համայնքների դեռահասները /որպես խրախուսանք/ ճանաչողական այց կատարեցին Արագածոտնի մարզի պատմամշակութային վայրեր՝  Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Ամբերդ ամրոց-եկեղեցական համալիր։

Աստղադիտարանի գիտաշխատողները դեռահասներին ներկայացրին, որ 2013 թ ՀՀ կառավարության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է ՀՀ Ազգային արժեքի կարգավիճակ, և որ այն Մատենադարանի և Ցեղասպանության ինստիտուտի հետ մեկտեղ ՀՀ 3 ազգային արժեքներից մեկն է։ 2015 թ Միջազգային աստղագիտական միության կողմից Բյուրականի աստղադիտարանին շնորհվել է հարավարևմտյան և կենտրոնական Ասիայի տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակ։ Այն աշխարհի 11 աստղագիտական տարածաշրջանային կենտրոններից մեկն է եւ համակարգում է զարգացմանը միտված աստղագիտական գործունեությունը տարածաշրջանի երկրներում: Ամբերդ ամրոցում պատանիները ծանոթացան ամրոցի պատմությանը, թե ինչպես է այն 8-րդ դարում անցել Բագրատունիներին՝  հետագայում դառնալով Բագրատունիների թագավորության կարևորագույն ռազմական պատվարներից մեկը։ 10-րդ դարում Բագրատունի արքաներն այն հանձնել են հայոց զորքերի սպարապետներ  իշխաններին։ Դրա մասին վկայում է Անիի վարդապետ Գրիգոր Մագիստրոս Պահլավունու  մոտ 1050 թվականին գրված նամակը, որում նշվում է, որ 10-րդ դարի սկզբին բերդը և մերձակա շինությունները պատկանում էին հզոր Պահլավունի իշխաններին։

09/11/2022