You are here

Մշակութային բազմազանությունը մարդկության ժառանգությունն է

Ժողովուրդներն ունեն մի ընդհանուր սեփականություն, ինչպիսիք են գիտության, գրականության ու արվեստի մեծ ստեղծագործությունները, որոնք դարերի ընթացքում պահպանում են հանճարի դրոշմը: Մշակութային այդ ժառանգությունը մարդկության համար անսպառ աղբյուր է:
                                                                                                                                                  Ֆ. Ժոլիո-Կյուրի
 
 ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի համար ավանդույթ է դարձել ամենամյա այցելությունն ու բազմաթիվ մշակութային ծրագրերի անցկացումն Արցախում:  Այս տարի ևս «Ընտանիք» կենտրոնի սաները, տնօրեն Արթուր Մինասյանի ղեկավարությամբ, Արցախում իրականացրեցին «Մշակութային բազմազանությունը մարդկության ժառանգությունն է» խորագրով ծրագիրը:
Ծրագրի նպատակն էր ամրապնդել Հայաստանի և Արցախի դեռահասների միջև կապն ու երկխոսությունը մշակութային բազմազանության ոլորտում, դեռահասների մեջ սերմանել միասնականության և համագործակցության գաղափար, ներկայացնել Հայաստանում բնակվող տարբեր էթնիկ խմբերի մշակութային առանձնահատկությունները, սովորույթներն ու ավանդույթները, արցախցի դեռահասների համար կազմակերպել ազգային արհեստների և արվեստի «Վարպետաց» դասեր,  գնահատել պատանիների դերը հայոց պետականության կերտման գործում, ինչպես նաև կարևորել արտադպրոցական կրթության դերը:
 «Ընտանիք» կենտրոնի մանկավարժներին և սաներին դիմավորեցին Արցախի ազգային ժողովի պատգամավոր Ռոմելա Դադայանը և աշխատակազմի  ներկայացուցիչ Մարգարիտա Թարանյանը:
Ծրագրի շրջանակներում Խնապատ և Խաչեն համայնքներում, Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 դպրոցում աշակերտների համար անցկացվեց «Էթնիկ մշակույթ» թեմայով սեմինար, կազմակերպվեցին «Վարպետաց» դասեր` խեցեգործություն, ուլունքագործություն, ասեղնագործություն, մանրանկարչություն, փայտարվեստ, պարարվեստ մասնագիտությունների գծով, որոնք նպատակաուղղված էին դեռահասների մասնագիտական կողմնորոշմանը և կարողությունների զարգացմանը: Նկատելի էր դպրոցականների շահագրգռվածությունն ու հետաքրքրությունն ազգային արհեստի և արվեստի ճյուղերի նկատմամբ: Այս կրթօջախներում արցախցի և գյումրեցի դեռահասները ոգեշնչված միասնականության և համախմբվածության գաղափարով, ստեղծեցին ընդհանրական և անհատական աշխատանքներ, որտեղ պատկերված էին Արցախը և Հայաստանը՝ որպես մեկ ամբողջական պետություն: Մասնակիցները կտավին հանձնեցին հայրենիքի, սեփական ժողովրդի պատմության վերաբերյալ իրենց զգացողություններն ու պատկերացումները: Կոմպոզիցիաները հյուսված էին փարաջանովյան խորհրդանշական նռերով, Մինաս Ավետիսյանի վրձնի կապույտով և սարյանական արևի փայլով: 
Կազմակերպված ցուցահանդես-միջոցառման շնորհիվ արցախցի դեռահասները ծանոթացան «Ընտանիք» կենտրոնի ազգային արհեստի ու արվեստի տարբեր խմբակների սաների ձեռքի աշխատանքներին, դիտեցին «Արևմտյան Հայաստանի եկեղեցիները երեկ և այսօր» թեմայով սահիկահանդեսը, մասնակից եղան ազգագրական երգերի և ժողովրդական պարերի կատարումներին: Միջոցառումների շարքն ավարտվեց միասնական շուրջպարով:
«Ընտանիք» կենտրոնի սաները ճանաչողական այց կատարեցին  Արցախի պատմական, տեսարժան ու գեղատեսիլ վայրեր, Շուշիի Սբ. Ղազանչեցոնց, Խաչենի Սբ. Ստեփանոս եկեղեցիներ, Գանձասարի վանական համալիր, որտեղ միասնաբար աղոթքի ձայն բարձրացրեցին առ Աստված, իսկ Արցախյան հերոսամարտում զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրում խոնարհվեցին ազգային ազատագրական պայքարի նվիրյալ հայորդիների հերոսական գործունեության առջև: 
Արցախի պատմամշակութային կոթողների տարածքում մաքրման աշխատանքների իրականացման շնորհիվ դեռահասներն արժևորեցին պատմամշակութային արժեքները պահպանելու կարևորությունն ու դրանց անհրաժեշտությունը հայի  ինքնության պահպանման գործում: 
Հաջորդ կանգառը ԼՂՀ ՊՆ Արցախի հերոս Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանն էր, որտեղ կենտրոնի սաները մասնակից եղան ամենշաբաթյա զինվորական տողանին և վարժությունների ցուցադրմանը, հրաձգարանում հնարավորություն ունեցան գործնականում կիրառել մարտական պատրաստվածության վերաբերյալ իրենց գիտելիքներն ու ունակությունները: 
Վարժարանում Արցախի ՊԲ ռազմահայրենասիրական դաստիարակության և հասարակական կազմակերպությունների հետ կապերի բաժնի պետ, գնդապետ Բ. Մուրադյանը  ի դեմս՝ տնօրեն Արթուր Մինասյանի, ԼՂՀ պաշտպանության նախարարության շնորհակալագրով պարգևատրեց «Ընտանիք» կենտրոնին՝ Արցախ, Ջավախք, ՀՀ կապի ամրապնդման գործում ցուցաբերած ավանդի համար:
   Պատգամավոր Ռոմելա Դադայանը շնորհակալագրով և հուշանվերով պարգևատրեց կենտրոնի մանկավարժներին՝ Հայաստան-Արցախ կապերի ամրապնդման, հայրենասիրական և աշխատանքային դաստիարակության, էկոտուրիզմի զարգացման համար և կարևորեց նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ հետագայում իրենց այցելությունները կլինեն փոխադարձ, որոնք էլ ավելի կնպաստեն բարեկամական կապերի խորացմանը և ամրապնդմանը: 
   Կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանի կողմից հյուրըկալող տնօրեններին, մանկավարժներին  և «Վարպետաց» դասերին ակտիվ մասնակից դեռահասներին հանձնվեց պատվոգրեր և նվերներ, իսկ հաստատությունների գրադարանային ֆոնդերը համալրվեցին բազմաթիվ  գրքերով: