Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը՝ համագործակցելով Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հետ, մայիսի 6-19-ը «Պատմության լուռ վկաները» խորագրով ծրագրի շրջանակներում իրականացրեց Շիրակի տարածաշրջանի պատմամշակութային կոթողների մաքրման աշխատանքներ. Անիպեմզա համայնք` «Սուրբ Կարապետ» վանք /Երերույքի տաճար/, Ախուրյանի, Հողմիկի, Հովիտի, Լեռնուտի, Ջրափիի, Մեղրաշատի, Ցողամարգի, Սարակապի «Սուրբ Աստվածածին» և Հայկաձորի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցիներում:
Հուշակոթողների զգալի մասը ժամանակի ընթացքում խոնարհվել և գտնվում են կիսաավեր վիճակում: Եկեղեցիները՝ հատկապես Հայկաձորի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» եկեղեցին և Երերույքի տաճարը՝ ունենալով բազմադարյա պատմություն, փաստում են հայ բազմադարյա հարուստ մշակույթը և ներկայացնում մշակութային ու հնագիտական արժեք:
Կենտրոնի սաները, համայնքի և ազգային փոքրամասնությունների դեռահասները համայնքներում հոգևոր հովիվների առաջնորդությամբ միասնական աղոթքից հետո, մեծ ոգևորությամբ կատարեցին մաքրման նվիրական ու աստվածահաճո գործը: Եկեղեցիների տարածքից հեռացվեցին քարակույտերն ու հողակույտերը, ամբողջովին մաքրվեցին խորանները, հարակից տարածքները, որին հաջորդեց ծառատունկը: Մասնակիցները տնկիները հողին պահ տվեցին հավատով, որ յուրաքանչյուր ծառ երկար տարիներ զարդարելու է տարածքը՝ խորհրդանշելով հայի հարատևությունը: Նրանք նաև հույս էին տածում, որ կիսաավեր եկեղեցիներն ի վերջո կվերականգնվեն, կծառայեն իրենց բուն նպատակին:
Աշխատանքների ավարտից հետո տեղադրվեցին ցուցանակներ՝ եկեղեցու անվանումով և կառուցման ժամանակաշրջանով:
Ծրագրի նպատակն էր մաքրման աշխատանքների միջոցով դեռահասների մեջ ձևավորել սրտացավ վերաբերմունք ազգային հարստության նկատմամբ, բարեկարգել մարզի եկեղեցիները, զարգացնել համագործակցությունը կենտրոնի սաների, համայնքների և ազգային փոքրամասնությունների դեռահասների միջև, խորհրդանշական ծառատունկի միջոցով հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ծրագրի իրականացումը տվեց իր ցանկալի արդյունքը. դեռահասները, անկախ ազգային պատկանելիությունից և տարիքից, խանդավառությամբ և կամովին ներգրավվեցին աշխատանքներին, կարևորելով մշակութային կոթողները խնամելու և պահպանելու անհրաժեշտությունը:
Դեռահասները պատրաստել և տեղադրել էին <ՀԻՇՈՒՄ ԵՄ ԵՎ ՊԱՀԱՆՋՈՒՄ> <ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՌ ՎԿԱՆԵՐԸ. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ԱՄՅԱԿ>, <ՎԵՐՋ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՎԱՆԴԱԼԻԶՄԻՆ> խորագրերով պաստառներ: