Սեպտեմբերի 20-ին կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ‹‹Ազատության գույները›› խորագրով համերգ՝ գեղարվեստական խմբերի մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր ևս մեկ անգամ արժևորել պատմական Հայաստանի անկախության ձեռքբերումները, ազգային արժեքների պահպանումը մշակույթի միջոցով, և սաներին դաստիարակել հայրենասիրական ոգով։
Համերգը սկսվեց ՀՀ անկախության հռչակագրի ընթերցմամբ և պետական օրհներգով։ Տոնի խորհրդին համահունչ մասնակիցները ներկայացրին անկախ Հայաստանի կերտած նոր կենսագրությունը՝ լի բազում նվաճումներով և փորձություններով։ Միջոցառման ընթացքում կարևորվեց անկախության և ազատության գաղափարները, որոնք ձեռք ենք բերել մեր մշակույթի, գրի, դպրության, ժառանգած հայրենասիրության, աննկուն ոգու և անպարտ կամքի շնորհիվ։ ԱՆկախության տոնի առթիվ հնչած խորհրդանշական երգերն ու պարային կատարումները ոգեշնչեցին ներկաներին՝ նրանց պարգևելով բարձր տրամադրություն։ Մասնակիցներն ակնածանքով հիշեցին և գլուխ խոնարհեցին նաև հայկական երկու պետությունների անկախության ու խաղաղության համար իրենց կյանքը զոհասեղանին դրած հերոս քաջորդիների հիշատակի առջև, ովքեր խանդավառում են նոր սերնդին իրենց օրինակով։
‹‹Մենք այսօրվա պատասխանատվությունը ստանձնած սերունդն ենք և պարտավոր ենք անշրջելի դարձնել մեր անկախ պատմության անիվը››. այս գաղափարն էր ընկած միջոցառման առանցքում, որին խոստացան հավատարիմ մնալ անկախության ‹‹զավակները››։
Միջոցառման ավարտին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը ևս շնորհավորեց ներկաներին կարևորագույն պետական տոնի կապակցությամբ։ Օգտվելով առիթից Ա. Մինասյանը վկայականներ հանձնեց 2018 թվականին փետրվար ամսին ամփոփված և Բելառուսի Հանրապետությունում անցկացված՝ «Աշխարհի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 6-րդ Միջազգային մրցույթին մասնակցած կենտրոնի գեղանկարչության խմբակների սաներին: Կատարողական Արվեստի Համաշխարհային Ասոցիացիայի կողմից պարգևատրվեցին նաև կենտրոնի ավագ պարուսույց Մուրադ Թորոսյանն ու երգարվեստի խմբակի խմբավար Արևիկ Թանաշեանը՝ Հայաստանի անկախության 100 և երկրաշարժի 30 ամյակներին նվիրված բարեգործական համերգին մասնակցելու համար:
Հ. Սարգսյան
25/09/2018