You are here

‹‹Գյումրու ձմեռ›› տոնակատարություն և Բուն Բարեկենդան

  Փետրվարի 7-ը յուրօրինակ տոն էր քաղաքի համար. Գյումրու Մայր Հայաստան հուշահամալիրի տարածքում անցկացվում էր ավանդական դարձած ‹‹Գյումրու ձմեռ›› տոնակատարությունը, որն այս տարի միախառնվել էր Բուն Բարեկենդան եկեղեցական տոնին:

Միջոցառումն իր շուրջն էր համախմբել քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր այրերի, կրթական, մշակութային, հասարակական և երիտասարդական կազմակերպություններին: Յուրաքանչյուր հաստատություն յուրովի էր ներկայացել իր տաղավարով և գեղարվեստական համարներով:

Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս հանդես եկավ օրվա խորհրդին բնորոշ հայկական ավանդական ուտեստներով, բեմականացմամբ, երգ ու պարով: Կենտրոնի թատերական խմբակի սաները հավաքված հանդիսականի համար ներկայացրեցին թումանյանական ‹‹Բարեկենդան›› ներկայացումը: Կենտրոնի տաղանդաշատ սաների կենդանի խաղը անտարբեր չթողեց ներկաներին, հանրային լրատվական միջոցների ներկայացուցիչներին՝ իր շուրջ համախմբելով մեծ լսարան: Ապագա փոքրիկ դերասանները ներկայացման միջոցով հանդիսականին հաղորդեցին ուրախություն, զվարճանք և այն ամենը, ինչը բնորոշ է տոնի խորհրդին:

Ստացված արձագանքները  փաստեցին, որ Բարեկենդանը վաղուց ի վեր հայկական ամենասիրված տոներից է:

Տոնակատարությանը կենտրոնը ներկայացավ նաև տոնին բնորոշ տիկնիկային բազմապիսի կերպարների, ազգային արհեստի ու արվեստի տարբեր աշխատանքների ցուցադրմամբ, որոնք առանձնակի հետաքրքրասիրություն և հիացմունք առաջացրեցին դիտորդների շրջանում:

 Հ. Սարգսյան