You are here

‹‹Ընտանիք›› կենտրոնի կազմակերպած միջոցառումը զորամասում՝ Հայոց բանակի 26-ամյակի առթիվ

                                    ‹‹Միայն նա է ճշմարտօրէն մեծը, որը մեծ զաւակն է
                                     նախ իր ժողովրդի, եւ ապա մարդկութեան››:
                                                                                     Գարեգին Նժդեհ
 
Փետրվարի 8-ին ՀՀ կրթության և գիտության նախարարության ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ՀՀ Պաշտպանության նախարարության Շիրակի կայազորի 55035 զորամասում կազմակերպել էր ‹‹Կա՛նչ․․․ ոգու, մտքի, հաղթանակի›› խորագրով միջոցառում` նվիրված Հայոց բանակի կազմավորման 26-ամյակին: 
Միջոցառման նպատակն էր նպաստել դեռահասների ռազմահայրենասիրական ոգու բարձրացմանը, դաստիարակել մատաղ սերնդին քաջարի զինվորների օրինակով, զինծառայողներին  փոխանցել ուրախ տրամադրություն:
Հանդիսությանը ներկա էին Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, զորամասի հրամանատարությունը, զինծառայողներ, կրթական հաստատությունների մանկավարժներ և սաներ:
Միջոցառումը սկսվեց ՀՀ պետական օրհներգով՝ Շիրակի կայազորի փողային նվագախմբի կատարմամբ: Այնուհետև ներկաներին իր օրհնաբեր խոսքն ուղղեց Տեր Եզնիկ քահանան և աղոթք բարձրացրեց առ Աստված՝ հայ ժողովրդի հարատևության, զորավոր հավատքի և խաղաղության համար։ Հոգևորականը շնորհավորեց նաև զինվորներին օրվա խորհրդի՝ Վարդանանց տոնի առթիվ, նրանց քաջալերեց նախնյաց ուժով ու ոգով, արիության և քաջության ներշնչումով շարունակել պաշտպանել հայրենիքը։
Միջոցառման գեղարվեստական մասում կենտրոնի երգի, պարի,  դուդուկի, մարտական արվեստի խմբակների սաները և Գյումրու երիտասարդ մրցանակակիր երգիչներն իրենց կատարումներով մեծ ոգևորություն և բարձր տրամադրություն հաղորդեցին զինվորներին։ Յուրաքանչյուր ելույթից հետո դահլիճում հորդում էր հայրենասիրական ոգին։  Զինվորների  ակտիվությունն ու ոգեշնչվածությունն  ակնհայտ էր. նրանք ևս միացան միջոցառման մասնակիցներին՝  երգելով և պարելով սաների հետ։
Հնչած հաղթական երգերը, որոտընդոստ ասմունքն  ու պարերն արտահայտում էին  հայ զինվորի խիզախությունը, մարտական ոգին, հայրենիքի նկատմամբ անմնացորդ սերը, նվիրվածությունը և հավաքական կամքը։
Միջոցառումը եզրափակվեց պարգևների հանձնմամբ. «Ընտանիք» կենտրոնի կողմից հուշանվերներով պարգևատրվեցին 55035 զորամասի մարտական պատրաստակամությամբ աչքի ընկած զինվորները:
«Հարգելի՛ «Ընտանիք» կենտրոնի ներկայացուցիչներ, զինծառայողներ. այսօրվա միջոցառումը շատ եմ կարևորում: Իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում կենտրոնի տնօրինությանը և մատաղ սերնդին՝ զինվորների առօրյան հագեցած և ուրախ դարձնելու համար: Ուզում եմ բարձրաձայնել, որ «Ընտանիք» կենտրոնը Գյումրու տարածաշրջանում միակ ուսումնական հաստատությունն է, որի հետ սերտ համագործակցում ենք, և ամենակարևոր, ամենալավ միջոցառումներն անցկացնում ենք հենց այս կրթօջախի հետ»,- իր ելույթում նշեց Շիրակի կայազորի 55035 զինվորական մասի հրամանատարի տեղակալ՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով փոխգնդապետ Արմեն Գրիգորյանը: 
Այո՛, անկախ պետության ապագան կերտող պատանին ձևավորվում, ոգեշնչվում և ռազմահայրենասիրական դաստիարակություն է ստանում հենց այսպիսի ուսանելի միջոցառումների միջոցով։
Քաջարի՛ զինվոր, մաղթում ենք բազկիդ ուժ, զորեղ կամք, արիություն և խոհեմություն հայրենիքի   սահմանները պաշտպանելու վեհ գործում…
 
Հ. Սարգսյան
            
12/02/2018