Պահպանել բնությունը նշանակում է պաշտպանել հայրենիքը:
Մ.Մ. Պրիշվին
Ապրիլի 28-ին ՀՀ ԿԳՆ ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի նախաձեռնությամբ ‹‹Անի›› թաղամասում անցկացվեց շաբաթօրյակ՝ ‹‹Մաքուր քաղաք, մաքուր բնություն›› խորագրով: Կենտրոնի սաներն ու մանկավարժները հանախմբվել էին մեկ նպատակի և կարգախոսի շուրջ. այն է՝ ապահովել միջավայրի մաքրությունը և պահպանել բնությունը: Դեռահասները բաժանվեցին խմբերի և մանկավարժների ղեկավարությամբ սկսեցին մաքրման աշխատանքներ իրականացնել տարբեր հատվածներում՝ կենտրոնի բակում և հարակից տարածքում: Թաղամասի բնակիչները տեսնելով սաների պատրաստակամությունն ու եռանդը, ևս անմասն չմնացին և ներգրավվեցին հանրօգուտ աշխատանքների մեջ:
Կենտրոնի տնօրինությունը և աշխատակազմը կարևորելով նաև կանաչապատ տարածքների ստեղծման անհրաժեշտությունը, սաների հետ կազմակերպեցին ծառերի և թփերի տնկում, հողի մշակում և գազոնի սերմի ցանք:
Դեռահասները մեծ ջանասիրությամբ և նվիրումով իրենց փոքրիկ նպաստը ունեցան բնության ‹‹խնամքի›› գործում, համոզված լինելով, որ այսուհետ բնակիչների օգնությամբ թաղամասը կլինի ավելի մաքուր և գրավիչ:
Շաբաթօրյակի մասնակիցներն աշխատանքների իրականացման ամբողջ ընթացքում առաջնորդվեցին «Շրջապատող բնությունը մեր օգնության կարիքն ունի, եկե՛ք այն մաքուր պահենք» գաղափարով:
Հ. Սարգսյան
28/03/2017