You are here

‹‹Պատմության լուռ վկաները» ծրագրի ամփոփումը ‹‹Ընտանիք›› ՄՊՍ կենտրոնում

Այն ժողովուրդը, որը չի ուզում մեռնել, երբեք չի մեռնի… 
Անատոլ Ֆրանս
Մայիսի  30-ին Գյումրու  ‹‹Ընտանիք››  ՄՊՍ կենտրոնում տեղի ունեցավ  ապրիլ ամսին մեկնարկած  Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված ‹‹Պատմության լուռ վկաները» ծրագրի ամփոփումը:
Միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի ազգային փոքրամասնությունների և գյուղական  համայնքների ղեկավարներ, դպրոցի տնօրեններ, քաղաքապետարանի և մարզպետարանի աշխատակազմի, Շիրակի մարզի գրողների միության անդամներ, մշակույթի գործիչներ, Շիրակի թեմի հոգևոր այրեր,  ծնողներ և սաներ:
‹‹Ընտանիք›› կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, ողջունելով ներկաներին, իր երախտագիտությունը հայտնեց համագործակցության և ծրագրի աշխատանքներին ակտիվ մասնակցելու համար: Իր ելույթում նշեց սեմինարների, հուշակոթողների մաքրման, տեղեկատվական ցուցանակների տեղադրման, Հայաստանի հուշակոթողների վերաբերյալ տեղեկագրի պատրաստման, խորհրդանշական ծառատունկի կազմակերպման միջոցով համագործակցության խթանման, դեռահասների գիտելիքների ընդլայնման, ազգային և ռազմահայրենասիրական դաստիարակության, արտադպրոցական կրթության դերի բարձրացման մասին:
  Այնուհետև ներկաները մասնակցեցին ծրագրի շրջանակներում հայտարարված թեմատիկ մրցույթների արդյունքում մրցանակային տեղեր գրաված և լավագույն անհատական ու խմբային ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսի բացմանը, որոնց հեղինակներն էին «Ընտանիք» կենտրոնի, ազգային փոքրամասնությունների և Շիրակի մարզի համայնքների դեռահասները: Տպավորիչ էր առաջին մրցանակային տեղ գրաված ոսկերչական խմբակի տղաների աշխատանքը, ովքեր  արույրի և մեխլյորի ձուլակտորներով ստացել էին պատմական Անիի Սուրբ փրկիչ եկեղեցու ներկայիս տեսքը:
Պատանիների ստեղծագործ աշխատանքներն արտահայտումն էին ազգային բազմադարյա մշակույթն ու ինքնատիպությունը: Ստեղծագործությունների միջոցով արտահայտել էին իրենց ցասումն ու ընդվզումը, հայի կրկին արարելու ու ապրելու աննկուն ոգին, պայքարելու ու դիմակայելու ուժը:
Մրցույթում հաղթած աշխատանքների հեղինակները արժանացան մրցանակների, ազգային փոքրամասնությունների և համայնքների ղեկավարները՝ պատվոգրերի: 
Ծնողներն իրենց ելույթներում նշեցին, որ իրենց երեխաների համար  ծրագիրը վերածվել էր միասնական շարժման, որտեղ բոլորը գիտակցում էին համախմբված լինելու կարևորությունը երկրի խաղաղության և ազգային պատմամշակութային արժեքների պահպանման գործում: 
Շնորհակալական խոսքով հանդես  եկան նաև Հյուսիսային մարզերի եզդիների միավորման նախագահ՝ Հ. Ֆերոյանը, «ՌՈՍԻԱ» հասարակական կազմակերպության Գյումրու մասնաճյուղի նախագահ՝ Լ. Հարությունյանը, Թորոսգյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն՝ Գ. Հակոբյանը, ովքեր կարևորեցին  ծավալուն և բազմաբովանդակ ծրագրի իրականացման անհրաժեշտությունը:
Ծրագիրը եզրափակվեց գեղարվեստական միջոցառմամբ, որտեղ իրենց ոգեշունչ ու տպավորիչ համատեղ ելույթներով հանդես եկան կենտրոնի սաները և ազգային փոքրամանությունների դեռահասները: Կենտրոնի գեղարվեստական մասի վարիչ Մ. Թորոսյանի հեղինակած «Անմոռուկներ» պարի բեմադրությունը հուզեց ներկաներին և ևս մեկ անգամ եկավ փաստելու, որ ինչքան էլ աշխարհը փորձի մոռացության քողով և պատմության փոշով ծածկել հայության համար ողբերգական այդ էջը, այնուամենայնիվ, հազար ու մի լուռ և խոսուն վկաներ կհաստատեն, որ ՄԵՆՔ ԿԱ՛ՆՔ, ՊԻՏԻ ԼԻՆԵ՛ՆՔ, ՈՒ  ԴԵՌ ՇԱՏԱՆԱ՜ՆՔ…