ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում մայիսի 22-ին անցկացվեց «Պարարվեստի գյումրեցի երախտավորը» խորագրով միջոցառում՝ նվիրված պարարվեստի վարպետ Աղասի Շաբոյանին:
Միջոցառումը սկսվեց պարարվեստի նվիրյալի կյանքի և գործունեության ներկայացմամբ, ցուցադրվեց տեսանյութ վարպետի բեմական արվեստի և հայկական պարարվեստի զարգացման մասին: Պարարվեստի խմբակի սաները հանդես եկան Գյումրուն բնորոշ երգերով ու պարերով, դուդուկի հաճելի ու հուզիչ երգերի կատարումներով:
Ցերեկույթի ընթացքում ներկաները դիտեցին վարպետի ղեկավարած «Շիրակ» պարային համույթի համերգների տեսագրությունից, «Շիրակի մեղեդիներ» ֆիլմից հատվածներ, ինչպես նաև պարուսույցի բեմադրած`«Հաղթանակի երգ», «Զեյթունի ծառ», «Գյումրվա պարերի շարան» պարային բեմադրությունները:
Հուզական ու տպավորիչ էր միջոցառման ավարտը. ընթերցվեց Աղասի Շաբոյանի գրած նամակն՝ ուղղված նրա սան, կենտրոնի ավագ պարուսույց Մուրադ Թորոսյանին: Այն նաև կոչ էր սիրել պարարվեստը և դաստիարակել սերունդներին հայրենասիրական վեհ գաղափարներով:
Ցերեկույթը ևս մեկ առիթ էր մեծարելու պարարվեստի մեծ երախտավորին, տեղափոխվելու Գյումրվա անզուգական կոլորիտով ու ավանդույթներով հարուստ միջավայր:
Պարուսույց՝ Մ. Թորոսյան
23/05/2018