You are here

«Միասնական ոգու հաղթանակ» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց

«Ես երդում տված եմ և կպատկանեմ մեկ մարդու, 
այդ մարդը հայրենիքի ազատության զինվորն է»
Մոնթե Մելքոնյան  
 
ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը Լոռվա չքնաղ բնության գրկում գտնվող  «Արբանյակ» ճամբարում օգոստոսի 1-ից 9-ը իրականացրեց «Միասնական ոգու հաղթանակ» խորագրով ռազմահայրենասիրական պատանեկան ամառային դպրոց-ծրագիր՝ նվիրված Հայաստանի Հանրապետության  Մայիսյան հերոսամարտերի 100  և Ղարաբաղյան շարժման 30 տարելիցներին:
«Ընտանիք» կենտրոնը, Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության և Վրաստանի Հանրապետության Սամցխե-Ջավախեթի մարզի կրթամշակութային կենտրոնների հետ համագործակցության արդյունքում, ծրագրում  ընդգրկեց նաև Արցախի առաջնագծում ծառայող սպաների երեխաների և ջավախահայ պատանիների:
Ամառային դպրոցի նպատակն էր արժևորել Մայիսյան հերոսամարտերի և Ղարաբաղյան շարժման դերն ու կարևորությունը՝ որպես հայ ժողովրդի միասնական կամքի դրսևորում, նպաստել ազգային, համամարդկային արժեքներով հարուստ և հայրենասիրական  գաղափարներով դաստիարակված անձի ձևավորմանը, ամրապնդել երիտասարդների գիտելիքները ՆԶՊ և անվտանգ կենսագործունեություն առարկայի ու ՏՏ ոլորտի՝ հատկապես ռոբոտաշինության վերաբերյալ, կազմակերպել ազգային արհեստի և արվեստի մասնագիտական դասընթացներ:
Կենտրոնի տնօրինությունը, կարևորելով նախազորակոչային տարիքի դեռահասների մոտ ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդումը և տարբեր շրջանների պատանիների միջև սերտ ընկերական հարաբերությունների հաստատումը, ծրագրի շրջանակում կազմակերպեց և իրականացեց բազմաբովանդակ միջոցառումներ. սեմինարներ և ֆիլմերի դիտում-քննարկումներ, ռազմամարզական ուսուցողական և ինտելեկտուալ խաղեր, վարժանքներ, հանդիպումներ և այլ ուսուցողական դասընթացներ: 
«Հաղթանակների դար. Ավարայր, Սարդարապատ, Շուշի...», «Ազգային բանակի անհրաժեշտությունն ամուր պետություն ունենալու գործում», ‹‹Սաղմոսների դերն ու բարոյախրատական նշանակությունը››, «Ռոբոտաշինության և կապի միջոցների դերը բանակաշինության զարգացման գործում» թեմաներն ամառային դպրոցում քննարկվեցին և խորությամբ ուսուցանվեցին հրավիրված մասնագետների կողմից: Դեռահասներին առավել  հետաքրքրեց ռոբոտաշինության և կապի ոլորտները, հատկապես նորարարական տեխնոլոգիաների օգտագործմամբ կենտրոնի սաների ստեղծած  ռոբոտների ցուցադրությունը դիտելուց հետո: Մասնակիցները հնարավորություն ունեցան նաև գործնականում կիրառել ռոբոտները, սարքի օգնությամբ գտնել «ականներ»: Պատանի « հասակակիցներին հորդորեցին ուսումնասիրել այս բնագավառը և ապագայում իրենց նպաստը բերել պետության և բանակաշինության հզորացման գործում:
Արժևորոլով հայ ագգի կերտած հարուստ անցյալը՝ ծրագրի մասնակիցներին գեղարվեստական և փաստավավերագրական ֆիլմերի միջոցով ներկայացվեց պատմական իրադարձություններ և հերոսական դրվագներ հայրենյաց պաշտպանների անպարտելի ոգու, հայրենասիրության, նվիրվածության և խիզախության մասին:
«Ամեն ինչ հիանալի է կազմակերպված, հատկապես սպորտային խաղերն ու ռազմական միջոցառումները: Կարծում եմ, որ յուրաքանչյուր տղա, ով դառնալու է զինվոր, այս տարիքից պետք է ֆիզիկապես շատ ամուր ու կոփված լինի և գաղափար ունենա զինվորական առօրյայի մասին»,- նշեց Արցախից 16-ամյա Սևակ Հովսեփյանը:
Անցկացված առաջին բուժօգնության, տարհանման կազմակերպման գործնական դասընթացները և քաղպաշտպանության վարժանքները մասնակիցներին օգնեցին հասկանալու և յուրացնելու  համապատասխան գործողությունների կազմակերպման ճիշտ հերթականությունն արտակարգ իրավիճակի պայմաններում: Դեռահասների առողջ ապրելակերպի, ֆիզիկական կոփվածության ամրապնդման և սպորտային կարողությունների ցուցադրման նպատակով անցկացվեցին ֆուտբոլի, վոլեյբոլի, թենիսի և բադմինտոնի մրցումներ:
Դեռահասների համար ուսանելի էր նաև արհեստի և արվեստի «Մասնագիտական կողմնորոշման» գործնական դասընթացներին մասնակցությունը: Մասնակիցները հետաքրքրված էին մանրանկարչությանբ, խեցեգործությամբ և բատիկայով: Օգտագործելով ստեղծագործական միտքն ու վառ երևակայությունը, նրանք մեծ խանդավառությամբ և սիրով «կենդանություն» էին հաղորդում նյութերին: Ուսուցողական դասերի ընթացքում համատեղ ուժերով  ծնունդ առած ստեղծագործական աշխատանքը նվիրվեց  Մարտունու շրջանի ՊԲ N զորամասին:
Ամառային դպրոցի ընթացքում դեռահասները հնարավորություն ունեցան սովորելու ազգային, ժողովրդական ու ռազմական պարեր, հայրենասիրական և հոգևոր երգեր: Նրանք իրենց ուսուցանած ազգայինն ու ավանդականն արտահայտեցին կազմակերպված գեղարվեստական միջոցառումներում և միջջոկատային ելույթներում: Հայրենասիրական խրոխտ երգերի և ոգեշունչ պարերի կատարումները նոր ոգևորություն և բարձր տրամադրություն պարգևեցին մասնակիցներին: 
«Կազմակերպված միջոցառումներից ինձ ամենաշատը դուր եկավ ազգային պարերի ու հայրենասիրական երգերի ուսուցումը: Սիրիայում ինչքան էլ հայեցի դաստիարակություն ենք ստացել, այնուամենայնիվ նմանատիպ դասընթացների պակաս ունեցել ենք: Այսպիսի ծրագրերին մասնակցությունը օգնում է ավելի հեշտ շփվել, հարմարվել շրջապատի ու հասակակիցների հետ: Շնորհակալություն եմ հայտնում ծրագրում ընդգրկելու համար»,- իր տպավորություններով կիսվեց սիրահայ դեռահաս Մեղեդի Լևոնյանը:
Հետաքրքրական էր Արցախի, Ջավախքի, Շիրակի մարզի և սիրիահայ դեռահասների կողմից հայրենի բնօրրանների վերաբերյալ տեղեկատվության հաղորդումը, նրանց դիտարկմամբ տարածաշրջանում առկա հիմնախնդիրների ներկայացումը և դրա շուրջ ծավալված քննարկումները:
Ծրագրի փակումն ազդարարվեց հրաժեշտի խարույկով: Երեկոյի ընթացքում երաժշտության հնչյունների ներքո խմբերը ներկայացան քայլերթով, հաղթական երգերով՝ գլխավերևում ծածանելով  Հայաստանի, Արցախի պետական և  Ջավախքի խորհրդանշական դրոշները:
Ի նշան  համախմբվածության և ստեղծված ջերմ ընկերական հարաբերությունների,  մասնակիցները բռնեցին միասնական շուրջպար:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանն ամփոփելով ծրագիրը՝ պատվոգրեր և մրցանակներ հանձնեց սպորտային մրցումներում, գեղարվեստական ու տարաբնույթ այլ միջոցառումներում լավագույնս դրսևորած մասնակիցներին ու խմբերին, որից հետո վառվեց խարույկը. արցունքներ, գրկախառնություններ, հրաժեշտի խոսքեր:
Ծրագրի մասնակիցներն իրենց տպավորություններն ու ցանկություններն արտահայտեցին հարցաթերթիկների և խորհրդանշական դարձած պաստառի վրա, շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ իրենց ամառային հանգիստը կազմակերպելու, ուսուցողական, անմոռանալի ու տպավորիչ օրերի համար:
              
Հ. Սարգսյան
          
 
15/08/2018