You are here

Միասին կառուցենք մեր ապագան

ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հուլիսի  22-ից 27-ը Վանաձորի «Արբանյակ» ճամբարում իրականացրեց «Միասին կառուցենք մեր ապագան» ամառային դպրոց  ծրագիրը:

Ծրագրին մասնակցում  էին Շիրակի մարզի, Ջավախքի և Արցախի դեռահասներ:

Ծրագրի նպատակն էր հանգստի կազմակերպման ընթացքում աջակցել դպրոցահասակ երեխաների բարեկամական կապերի զարգացմանը, ճանաչել և արժևորել հայկական մշակույթը, նպաստել հայրենասիրական, գեղագիտական և բնապահպանական դաստիարակությանը:

Ամառային դպրոցում առաջնորդվելով ռազմահայրենասիրական գաղափարախոսությամբ, պատանիների համար կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ՝ ուսուցողական և մարզական խաղեր, տարհանման, առաջին բուժօգնության, առողջ ապրելակերպի դասընթացներ, թեմատիկ սեմինարներ, սպորտային, ռազմական և ինտելեկտուալ մրցույթներ, արշավներ, ներկայացվեց հայոց պատմության և արցախյան պատերազմի հերոսական դրվագներ, <Հայ ազատամարտիկները արցախյան ազատամարտում>, <Պատմության անմահ հերոսները>, <Ես եմ կերտում իմ վաղվա օրը> թեմաներով զրույց-քննարկումներ:

Ամառային դպրոցի մասնակիցները անմոռանալի օր անցկացրեցին Հաղպատավանքում, որտեղ  կազմակերպվել էր «Վարդատոն» խորագրով  միջոցառում նվիրված միջնադարի սիրո մեծ երգիչ և աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային:

«Միասին կառուցենք մեր ապագան» ամառային դպրոց ծրագիրը խթանեց դեռահասների ռազմահայրենասիրական դաստիարակությանը, նրանց համախմբեց մեկ միասնական հայրենիք գաղափարի շուրջ, խրախուսեց մասնակիցների հայկական պետական խորհրդանշանների նկատմամբ հետաքրքրությունը:  

Մասնակիցները սովորեցին նաև կառուցել առողջ փոխհարաբերություններ՝ հիմնված պատասխանատվության, ազնվության, փոխադարձ հարգանքի և հոգատարության վրա:

Ծրագիրը նպաստեց պատասխանատու և ինքնագիտակից, հայրենասեր և ազատասեր, հոգեպես ամուր, ապագա ակտիվ քաղաքացու դաստիարակմանը:

 

Սեդա Հակոբյան