<Դեր Զորի ձայնը>... Այս խորագիրն էր կրում կրթության և գիտության նախարարության Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղածագործական կենտրոնի կազմակերպած քառօրյա միջոցառումների շարքը, որը համախմբել էր Արցախի, Ջավախքի և Շիրակի մարզի բարձր առաջադիմությամբ աչքի ընկած շուրջ 70 դպրոցականների:
Գյումրու <Ընտանիք> կենտրոնում ջերմ հյուրընկալության և վերաբերմունքի արժանացան ջավախքցի և արցախցի պատանիները: Ծրագրի ընթացքում կարևորվեց նաև կրթօջախում շախմատի, երգ ու պարի, խեցեգործության, նկարչության, գորգագործության և մյուս ուսումնական խմբակներում կենտրոնի սաների հետ համատեղ պարապմունքների անցկացումը: Կարճ ժամանակում նրանց հարաբերությունները դարձել էին ջերմ ու անմիջական: Մասնակիցներից շատերը առաջին անգամ էին այցելում Մարմաշենի վանական համալիր, Էջմիածին, Ծիծեռնակաբերդ, Մինաս Ավետիսյանի, Հայաստանի պատմության և Ցեղասպանության թանգարաններ և այլ պատմամշակութային տեսարժան վայրեր: Տպավորիչ էր <Ընտանիք> կենտրոնում կազմակերպված <Արևմտյան Հայաստանի սովորույթներն ու մշակույթը> թեմայով կլոր սեղան-քննարկումը: Հովհաննես Շիրազի 100 ամյակին նվիրված հուշ երեկոյին Դանթեական պոեմի ներկայացումը ևս հայ պատանիները ձոնեցին ցեղասպանության 100-րդ տարելիցին, սրանով վերաիմաստավորելով հայ դատի հանդեպ պահանջատիրությունը:
Ծրագիրն ավարտվեց <Անմոռուկ ծաղիկը իմ պատկերացմամբ> թիմային ստեղծագործական աշխատանքների մրցույթի ամփոփմամբ:
Ջավախք, Արցախ եվ Հայաստան բարեկամական կապերի ամրապնդմանը աջակցելու համար Լեռնային Ղարաբաղի Հանարպետության Ազգային ժողովը կրթության և գիտության նախարարության Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնին շնորհել է պատվոգիր:
Լիահույս ենք, որ կենտրոնը Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությանն ու համագործակցությանը նվիրված միջոցառումները կդարձնի ավանդական, որը հնարավորություն կտա ընդլայնել դեռահասների պատկերացումներն ու գիտելիքները պատերազմների ու ցեղասպանությունների մասին, մատաղ սերնդի մոտ կսերմանի համախմբվածություն ու միասնականություն:
Ս. Պետրոսյան