Հազար ութ հարյուր վաթսունինն թվին
Հայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,
Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-
Դժվար է ասել:
Սակայն այդ թվին Մայր Հայաստանի
Արգանդը եղավ սրբորեն բեղուն,
Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...
Փետրվարի 19-ից ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 146-ամյակի և գիրք նվիրելու օրվա տոնական միջոցառումները:
Միջոցառումների նպատակն էր սեր արթնացնել գրքի նկատմամբ, հաղորդակից լինել ոչ միայն անցյալի արժեքներին, այլև ուշադրություն դարձնել ժամանակակից գրականությանն ու արվեստին:
Տոնի խորհուրդը ներկայացվեց Հ. Թումանյանի «Ձախորդ Փանոսը» հայտնի հեքիաթի բեմադրությամբ: Թատերական խմբակի սաների խոսքը պարզ էր, բայց ոչ պարզունակ, ու դա ոչ թե մտքի կամ հույզի նոսրությունից է, այլ բյուրեղյա մաքրությունից, մտածողության հստակությունից:
Հանդիսականը մտովի տեղափոխվեց մանկության երազներով լի աշխարհ, որտեղ մի հարկի տակ ապրում էին Թումանյան-մանկագրի կողմից շունչ ու հոգի առած հեքիաթի հերոսները:
«Ընտանիք» կենտրոնի մի քանի օր շարունակ իր հարկի տակ հյուրընկալեց թաղամասի նախակրթարանի փոքրիկներին: «Կարմիր Գլխարկ» նախակրթարանի երեխաները իրենց ջերմությամբ ոգևորեցին դերասան հեքիաթի հերոսներին:
Միջոցառումները եզրափակվեցին գիրք նվիրելու գեղեցիկ արարողությամբ:
Գրողի յուրաքանչյուր հոբելյան դառնում է նրա ժողովրդականության վառ ապացույցը:
Սեդա Հակոբյան