Նոյեմբերի 11-ին ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍ կենտրոնն հյուրընկալեց Արցախի Հանրապետության ՄՊՍԿ-ների աշխատակիցների՝ փորձուսուցման նպատակով: Ծրագիրն հնարավոր եղավ կյանքի կոչել ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի և «Ընտանիք» կենտրոնի ջանքերով ու նախաձեռնությամբ: Այցի շրջանակում կազմակերպվեց ոլորտում ավելի քան երեք տասնամյակ գործունեություն իրականացնող կազմակերպության կրթամշակութային անցուդարձին, մասնագիտական խմբակների աշխատանքներին: Հյուրերի համար անցկացվեց սեմինար՝ «Արտադպրոցական կրթության փաստաթղթաշրջանառության առանձնահատկությունները» թեմայով: Գյումրու թիվ 4 արհեստագործական ուսումնարանի փոխտնօրեն Անուշ Մկրտչյանը ներկայացրեց արտադպրոցական կրթության կարևորությունը, ինչպես նաև շերտավոր դասավանդման մեթոդները: Կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը մանրամասներ ներկայացրեց կենտրոնի արդյունավետ գործունեության նպատակով մշակված փաստաթղթային շրջանառության ու դրա կիրառման մասին: Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերն ուղղեցին սեմինարավարներին, ստանալով համապարփակ պատասխաններ, որոնք կիրառելի կդարձնեն իրենց մեթոդական ձեռնարկներում, կարևորբելով արտադպրոցական կրթության դերն ու նշանակությունը սերունդների կրթադաստիարակչական գործում: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով որոշ ՄՊՍ կենտրոնների չի հաջողվել դուրս բերել ունեցած փաստաթղթերը, դիմեցին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությանը տրամադրել վերջիններիս կողմից մշակված փաստաթղթերը, որը արտադպրոցական կրթության կազմակերպման արդյունավետ օրինակներ են: Հյուրերն այնուհետեև շրջեցին կենտրոնի խմբակներով, ծանոթացան ուսուցանվող մասնագիտություններին, որից հետո յուրաքանչյուրն ընտրեց իրեն նախըտրելի մասնագիտությունն ու վարպետության դասեր ստացան, կիսվեցին նաև իրենց գիտելիքներով: Հանդիպման ավարտին հյուրերը կլոր սեղան քննարկմանը խոսեցին ձեռք բերած գիտելիքների, փորձի փոխանակման ու տպավորությունների մասին, շնորհակալություն հայտնեցին «Ընտանիք» կենտրոնի տնօրեն ՝ Արթուր Մինասյանին, Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն՝ Քնարիկ Ահարոնյանին կրթամշակութային տպավորիչ օրվա համար: Կողմերը միմյանց փոխանցեցին նաև խորհրդանշական նվերներ:
«Մեր այցի նպատակը փորձի փոխանակումն է, և ձեզ շնորհակալություն ձեր ուժի, կամքի համար: Ես նաև ուզում եմ պարոն Մինասյանին, տիկին Ահարոնյանին շնորհակալություն հայտնել, քանի որ այս այցի շրջանակում Գյումրին նախատեսված չէր, և այս ամբողջ ծախսերը հոգացել է «Ընտանիք» կենտրոնը, ձեզ շնորհակալություն ֆունդամենտալ աշխատանքների համար, ձեր մասնագետների ու կահավորված սենյակների համար: Նախարարությունը նպատակահարմար է գտել Ձեզ նվիրել հադրութցի՝ Վիկա Ավետիսյանի ստեղծագործությունների գիրքը»,-ասել է ՀՀ ԿԳՄՍՆ Արմինե Բարսեղյան:
«Պատահական չէ, որ մենք միշտ կապը պահել ենք Արցախի հետ, և Ջավախքի հետ ու մենք միշտ պիտի աշխատենք, քանի որ Արցախը մեր կարևորագույն գործընկերն է, մեր հայրենիքի մի մասը, որտեղ մեր գործունեությունն ենք ծավալելու, շնորհակալ ենք Ձեզ»,-ասել է ՀՀ ԿԳՄՍՆ «Ընտանիք» ՄՊՍԿ տնօրեն Արթուր Մինասյան:
«Այս ջերմությունից շատ տպավորված ենք, ներկայացված աշխատանքներից ևս, այսօրվան շատ սպասում էինք, ու հավատացեք մեծ տպավորություններով կգնանք: Ուզում ենք, որ նման փոխադարձ այցերը հաճախ լինեն, ինչն օգտակար է մեզ համար»,-ասել է Շուշիի ՄՊՍԿ աշխատակից Գոհար Մարգարյանը: