Հուլիսի 6-10-ը Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց 2014-2015 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների ամփոփում՝ հաշվետու ելույթներ գեղարվեստական խմբերի կատարմամբ և սաների ստեղծագործական աշխատանքների ցուցադրում:
Կենտրոնի տարբեր խմբակների սաների աշխատանքների ցուցադրությանը զուգահեռ Գոգհովիտ, Ցողամարգ և Թորոսգյուղ համայնքներում ևս ցուցադրվեցին նորաստեղծ գեղանկարչության խմբակների սաների աշխատանքները, որի միջոցով գնահատվեց և ստուգվեց սաների յուրացրած գիտելիքների, կարողությունների և հմտությունների մակարդակը: Մասնագետների ջերմեռանդ և անմնացորդ աշխատանքի նվիրման արդյունքն ակնհայտ էր. դրա մասին էին վկայում համայնքի բնակիչների և արվեստասեր հանրության արձագանքները, որն ավելի պարտավորեցնող էր թե՛մասնակիցների, թե՛ մասնագետների համար:
<Ընտանիք> կենտրոնի դահլիճում կայացած հաշվետու համերգին ներկա էին արվեստի գործիչներ, համայնքների ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, մանկավարժներ, ծնողներ: Իրենց գեղեցիկ կատարումներով հանդես եկան կենտրոնի Գյումրի քաղաքում, Շիրակի մարզի գյուղական տարբեր համայնքներում և Աշոցքում գործող պարարվեստի խմբակների սաները:
Կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը իր ելույթում շնորհավորեց այն սաներին, ովքեր առաջին անգամ էին բեմ բարձրանալու, ապա շարունակելով խոսքը նշեց, որ համայնքներում պարային խմբակները ձևավորվել են վերջին ամիսների ընթացքում և կարճ ժամանակահատվածում կենտրոնին հաջողվել է իր հովանու ներքո հավաքված սաներին կրթել և դաստիարակել, բացահայտել նրանց տաղանդն ու շնորհները, նաև կերտել՝ հայեցի ոգի ու գիտակցություն, որը խմբավարների քրտնաջան աշխատանքի արդյունք է:
Ներկաների սպասելիքներն արդարացան, ակներև էր ցանկալի արդյունքը. չնայած, ինչպես փաստեց կենտրոնի տնօրենը, անելիքներ դեռ շատ կան:
Ցուցադրական ելույթներով հանդես եկան նաև մարտական արվեստի խմբակի սաները, ովքեր ցուցադրեցին իրենց հմտությունները արտահայտելով հոգու, մտքի ու մարմնի համադրումն՝ ինքնատիրապետման հասնելու համար: Այս ամենն ապահովեց բարձր տրամադրություն և հագեցած մթնոլորտ:
Շնորհակալական խոսքով հանդես եկան Ցողամարգի միջնակարգ դպրոցի տնօրեն Ա. Արշակյանը, վաստակաշատ մանկավարժ Թ. Դարբինյանն ու Թորոսգյուղ համայնքի պարարվեստի խմբակի սան Վ. Գրիգորյանը: Նրանք իրենց երախտիքի խոսքը հղեցին ‹‹Ընտանիք›› կենտրոնի տնօրինությանը ծավալած գործունեության և որդեգրած առաքելության, տարիներ շարունակ մատաղ սերնդի կրթման ու դաստիարակման գործում հսկայական ջանք ու եռանք ներդնելու համար, որի արդյունքում ակնհայտ է ինչպես Գյումրի քաղաքի, այնպես էլ համայնքների դեռահասների ինտելեկտուալ առաջընթացն ու զարգացումը, գյուղական կյանքի աշխուժացման նպաստումը:
Հ. Սարգսյան