You are here

<Ընտանիք-25. Պատմությունը շարունակվում է…>

Սեպտեմբերի 24-ին կրթության և գիտության նախարարության Գյումրու <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Հայաստանի Հանրապետության անկախության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման և <Ընտանիք> կենտրոնի 25- ամյակներին  նվիրված տոնակատարություն:
 
1991 թվականին հիմնադրված «Ընտանիք» կենտրոնը հետաղետյալ Գյումրի քաղաքում առաջիններից էր, որ նվիրվեց դեռահասների հիմնախնդիրների լուծմանը: Հիմնադիր տնօրեն Քնարիկ Ահարոնյանի ջանքերով ազգանվեր առաքելությանը ներգրավվեցին բարերարներ, ովքեր, անկախ ազգությունից, միավորվեցին դեռահասների կրթության համար նպաստավոր պայմաններ ստեղծելու գաղափարի շուրջ:
Հոբելյանական տարելիցին ներկա էին կենտրոնի կայացման պատմության մեջ իրենց ավանդն ունեցած հայ և օտարազգի բարերարներ՝ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախկին նախագահ, «Ֆրանսիա-Ղարաբաղ» բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը, խորհրդարանական խորհրդատու-օգնական, Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքային խորհրդի անդամ Էմանուել Մանդոնը, SPFA ֆրանսիական կազմակերպության Արցախում և Հայաստանում շինարարական ծրագրերի պատասխանատու Ժակ Մաթոսյանը, ՀՀ Գերագույն խորհրդի առաջին գումարման պատգամավոր, «Հայուրալսիբշին» նախագծային-շինարարական միավորման պետ, հետաղետյալ Գյումրի քաղաքի շինարարական աշխատանքների համակարգող Լ. Պոլոնսկին, Ազգային ժողովի պատգամավոր Ս. Ավետիսյանը, ԿԳ նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը, ԿԳՆ մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Ա. Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Ս. Բալասանյանը, մարզային իշխանությունների, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, կրթական և մշակութային օջախների տնօրեններ, հոգևոր այրեր, մանկավարժներ, ծնողներ և սաներ: Տոնակատարությանն իրենց մասնակցությունն էին բերել նաև Արցախի, Ջավախքի երգի և պարի համույթները:
Տոնական միջոցառման նպատակն էր ներկայացնել <Ընտանիք> կենտրոնի 25 տարիների ընթացքում ձեռք բերած նվաճումները, Շիրակի մարզում ազգային արհեստի և արվեստի պահպանման ու զարգացման, մշակութային կյանքի աշխուժացման գործընթացում կենտրոնի դերն ու կարևորությունը: 
Տոնական միջոցառումը մեկնարկեց կենտրոնի բակում տեղադրված, ժողովրդի ցավը վերապրած և նոր կյանքի սկիզբը խորհրդանշող Երախտագիտության հուշակոթողի, հոբելյանական ցուցահանդեսի, վերելակի շահագործման, Հայոց այբուբենի խորաքանդակի, <Մեսրոպյան Այբուբեն> ընթերցասրահի բացման արարողություններով:
Հանդիսավոր արարողության ընթացքում տնօրեն Ա. Մինասյանը <Ընտանիք> կենտրոնի  կայացման գործում ներդրում ունեցող անձանց՝ բարերարներին, համագործակցող կազմակերպություններին, կենտրոնի բազմավաստակ մանկավարժներին հանձնեց Երախտագիտության հուշակոթողի մանրակերտ և պատվոգիր, Գյումրի քաղաքի և Շիրակի մարզի գյուղական համայնքների դեռահասների կրթամշակութային դաստիարակությանն աջակցելու, բարոյահոգեբանական զորակցություն և բարի կամք դրսևորելու համար: 
 
Նախարարի խորհրդական Ա. Աղբալյանը ընթերցեց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի ուղերձը՝ հղված <Ընտանիք> մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի  հիմնադրման 25-ամյակի հանդիսավոր մասնակիցներին: Կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանը, բարերարներ Ժակ Մաթոսյանը և Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը պարգևատրվեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն պարգևով՝ <Ոսկե հուշամեդալով>, իսկ ֆրանսիացի  բարերար Էմանուել Մանդոնը և <Սեդրիկ Մարտեն> հիմնադրամի նախագահ Ժակ Մարտենը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրով:
Տոնակատարության ընթացքում, միջազգային նկարչական և կիրառական արվեստի մանկապատանեկան մրցույթների մասնակից և առաջին մրցանակային տեղ գրաված կենտրոնի  11 սանի հանձնվեցին դիպլոմներ: 
Մեծարվեցին նաև նույն հարկի տակ գործող Գյումրու թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարանի շրջանավարտներ, ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, <Մարտական խաչ> 2-րդ աստիճանի շքանշանակիր Ռաֆայել Հովհաննիսյանը, <Տանկային երկամարտ -2014> միջազգային մրցույթի փոխչեմպիոն, «Մարշալ Բաղրամյան»  շքանշանակիր Սանասար Ծառուկյանը, <Մարշալ Բաղրամյան> շքանշանակիր Արտյոմ Մուրադյանը, <Դրաստամատ Կանայան> շքանշանակիր Վառլամ Սիմոնյանը, <Անդրանիկ Օզանյան> շքանշանակիր Ռազմիկ Հովհաննիսյանը, <Վազգեն Սարգսյան> շքանշանակիր Էդգար Մկրտչյանը:
Միջոցառումն ավարտվեց տոնական համերգով: