ՀՀ կրթության և գիտության նախարարության Գյումրու ‹‹Ընտանիք›› մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ամանորյա և Սուրբ Ծննդյան միջոցառումների մեկնարկը տրվեց դեկտեմբերի 24-ից:
Տոնական մթնոլորտն ու ամանորյա տրամադրությունը համախմբել էր կենտրոնի սաներին, ծնողներին, հարակից նախակրթարանների փոքրիկներին: Ամանորյա շնչով լցված դահլիճում սկսվեց փոքրիկների հույզերի ու երազների հեքիաթը:
Տարբեր խմբակների շնորհալի սաների մասնակցությամբ բեմադրված «Անտառի գազանները» տիկնիկային ներկայացումը մեծ զվարճություն պատճառեց մանուկներին: Հեքիաթի հերոսների ու անտառի կենդանիների կերպարների միջոցով ներկայացվեց չարի ու բարու հավերժական պայքարը: Ինչպես բոլոր հեքիաթներում, անամորյա հեքիաթում ևս հաղթեց ամենակարող բարին:
Նախատոնական հանդեսին երեխաների բարձր տրամադրությունն ապահովեցին Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Սաներն իրենց երգ ու պարով, խաղերով ու հանելուկներով ուրախացրեցին պապիկին` նրանից ստանալով նվերներ: Երեխաների ամենասիրելի հերոսները բարեմաղթանքներ հղեցին ներկաներին` մաղթելով բարի գալուստ Նոր տարվան և ամենանվիրական երազանքների իրականացում:
Հ. Սարգսյան