You are here

«Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի մեկնարկ

Հունիսի 27-ից ՀՀ ԿԳՆ Գյումրու «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկվեց «Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի առաջին փուլը: ՀՀ լեռնային և սահմանամերձ համայնքների /Արմավիրի մարզի Քարակերտ, Շիրակի մարզի Բենիամին, Կամո, Հոռոմ, Նոր Կյանք, Շիրակ, Սառնազբյուր, Սարատակ/ թվով 19 մանկավարժներ  մասնակցեցին 5-օրյա վերապատրաստման դասընթացներին: 
Կրթական ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, վերապատրաստման դասընթացների և գործնական պարապմունքների կազմակերպմամբ նպաստել համայնքներում կրթամշակութային կյանքի աշխուժացմանը:
Ծրագրի մասնակից մանկավարժները ծանոթացան արտադպրոցական կրթության դերի կարևորությանն ու հիմնախնդիրներին, անհատական և շերտավոր դասավանդման ձևերին, կենտրոնում գործող մասնագիտական խմբակների գործունեությանը, ուսումնասիրեցին համայնքային հետազոտության իրականացման և դեռահասնրի կրթադաստիարակչական կարիքների հայտնաբերման մեթոդներ, դաստիարակչական աշխատանքների ծրագրերի և թեմատիկ պլանների կազմման ձևեր: 
Արտադպրոցական կրթության իրականացման տեսական դասընթացներից զատ մանկավարժները կենտրոնի տարբեր խմբակներում մասնակցեցին նաև գործնական դասընթացների:
Ծրագրի արդյունքներն ամփոփվեց կլոր սեղան-քննարկմամբ, որին մասնակցում էին «Ընտանիք» կենտրոնի տնօրինությունը, աշխատակիցներն ու մասնակից մանկավարժները: Վերջիններս շատ բարձր գնահատեցին կենտրոնի իրականացրած գործունեությունը դեռահասների զբաղվածության ապահովման, կրթման  և  շնորհալի սաների  բացահայտման գործում: 
Նրանք ողջունեցին ծրագրի իրականացման գաղափարը և համագործակցությունը սահմանամերձ և հեռավոր համայնքների հետ՝ ընդգծելով, որ համայնքներում դեռահասների նպատակային զբաղվածության խնդրի լուծումը կնպաստի  համայնքների զարգացմանը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և նրանց հանձնեց վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ: Մեծ էր մանկավարժների ոգևորությունը և ծրագիրը շարունակական, երկարաժամկետ ու խորացված դարձնելու ցանկությունը: 
Կրթական ծրագրի վերաբերյալ նրանց արտահայտած տպավորություններն ու առաջարկությունները փաստեցին, որ արդյունքն իսկապես գոհացուցիչ էր, սպասելիքներն ու ակնկալիքները՝ արդարացված: