You are here

 «Հայ ժողովրդի ապրելու իրավունքը՝ Հայոց բանակի շնորհիվ» խորագրով միջոցառում «Ընտանիք» կենտրոնում 

«Բաներ կան, որ հավիտենական պաշտելի են՝ Աստված, Հայրենիք, Մայր, որոնց մասին մարդ արարածը, եթե հոգեպես խավարած չէ, չի կարող առանց կրոնական հարգանքի խոսել։ Մեր ժողովուրդն առանց հայրենասիրության այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու: Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք»:

(Գ. Նժդեհ)

 

Հայոց բանակի կազմավորման 30-ամյակի օրվան նվիրված միջոցառումը սկսվեց արցախյան երկրորդ պատերազմում զոհված հայորդիների հիշատակի խոնարհմամբ:

Կենտրոնի ազգագրական երգ ու պարի, երգարվեստի, պարարվեստի, դուդուկի և դհոլի խմբակների սաներն ելույթներով իրենց երախտագիտությունը հայտնեցին նվիրյալ այն քաջորդիներին, որոնք ցուցաբերել են մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին։

 Ռազմահայրենասիրական երգ ու պարի, դուդուկի և դհոլի կատարումներով սաներն արժևորեցին մեր ազգային բանակն իր վաստակով ու հերոսական էջերով, որը մնում է շարունակողը Հայկյան ոգու, Վարդանանց արիության ու Սարդարապատի սխրագործության:

Խոնարհվում ենք այն նվիրյալների առջև, ովքեր իրենց կյանքի գնով են վճարել խաղաղության համար, ովքեր այս պահին աչալուրջ կանգնած են սահմանին, և ովքեր կարոտի անսպառ զգացումով սպասում են իրենց որդիների վերադարձին:

Հայոց բանակը մեր անկախ պետականության կարևորագույն ձեռքբերումն է, որի կայացման ճանապարհին հայ զինվորն ու արժանավոր սպան իրենց ուժեղ կամքով, հայրենասիրությամբ, խիզախությամբ ու անձնազոհությամբ մշտապես հաստատել են հայ ժողովրդի ներկայի և ապագայի հանդեպ ունեցած պատասխանատվության բարձր գիտակցումը։

 

 

31/01/2022