You are here

««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի ամփոփում

       Արհեստը ոսկի մատանի է, ուր որ գնաս, հետդ կգա:
 
ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը սեպտեմբերի 11-ից 15-ը իրականացրեց ««Ընտանիք»-ն անիվների վրա» կրթական ծրագրի երկրորդ փուլը: 
Նշենք, որ ծրագիրը մեկնարկվել էր դեռևս մայիս ամսից՝ ներառելով Շիրակի մարզի լեռնային, սահմանամերձ 14 գյուղական համայնքներ և Ջավախքի կրթամշակութային հաստատություններ, որտեղ դեռահասների համար անցկացվել է «Մասնագիտական կողմնորոշման» դասեր արհեստի և արվեստի տարբեր բնագավառներում:
Կրթական ծրագրի նպատակն էր կարևորել արտադպրոցական կրթության դերը, գյուղական համայնքներում բացահայտել արհեստի և արվեստի ոլորտում նախընտրելի մասնագիտությունները, նպաստել դրանց տարածմանն ու պահպանմանը, ուղղորդել դեռահասներին մասնագիտական կողմնորոշման հարցում և նպաստել նրանց կարողությունների բացահայտմանն ու զարգացմանը, ամրապնդել միջհամայնքային կապը կրթամշակութային հաստատությունների միջև: 
Ծրագրի երկրորդ փուլում կազմակերպված արտադպրոցական կրթության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին մասնակցեցին Շիրակի մարզի Արևշատ, Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Քարաբերդ, Ձիթանքով, Սարակապ, Մեծ Սեպասար, Կրասար, Ղազանչի, Սիզավետ, Բավրա, Թավշուտ համայնքների, Ախլքալաքի և Նինոծմինդայի կրթամշակութային կենտրոնների թվով 20 մանկավարժներ:
Վերապատրաստման դասընթացների ընթացքում մանկավարժները ծանոթացան «Դեռահասների արտադպրոցական կրթության կարևորությունը և հիմնախնդիրները», «Համայնքային հետազոտության իրականացման և դեռահասների կրթադաստիարակչական կարիքների հայտնաբերման մեթոդների  ուսումնասիրում», «Մասնագիտական և դաստիարակչական աշխատանքների ծրագրերի կազմման աձանձնահատկությունները», «Անհատական և շերտավոր դասավանդման կարևորությունն արտադպրոցական կրթության գործընթացում» թեմաներին և կենտրոնում գործող մասնագիտական խմբակների գործունեությանը:  Խմբային աշխատանքների միջոցով, օգտագործելով ձեռք բերած գիտելիքները, մասնակիցները վեր հանեցին սեփական համայնքների հիմնախնդիրները, նախընտրելի մասնագիտությունների ուսուցման անհրաժեշտությունը ու զարգացման հեռանկարները:
Դասընթացների արդյունքներն ամփոփվեցին  կլոր սեղան-քննարկմամբ՝  «Ընտանիք» կենտրոնի տնօրինության և մանկավարժների մասնակցությամբ: Համատեղ քննարկումների արդյունքում մանկավարժները կիսվեցին տպավորություններով ու առաջարկություններով:
Սպանդարյանի միջնակարգ դպրոցի մանկավարժ Գոհար Թորոսյանը իր ելույթը եզրափակեց հետևյալ խոսքերով. - «Շնորհակալություն ամենի համար: Վերապատրաստող մանկավարժ Ա. Մկրտչյանի և տնօրենի տեղակալ Ս. Պետրոսյանի հետ աշխատանքը համակարգված էր և արդյունավետ: Ծրագիրը իսկապես կնպաստի համայնքներում ազգային արհեստների և արվեստի բնագավառում ստեղծվող մշակութային արժեքների տարածմանն ու պահպանմանը, կնպաստի նաև դեռահասների ինքնադրսևորմանը և սեփական կարողությունների գնահատման հնարավորությանը, մասնագիտական կողմնորոշմանը»: 
Իսկ Մեծ Սեպասարի միջնակարգ դպրոցի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով  տնօրենի տեղակալ Սյուզաննա Հովասյանը նշեց. «Շատ կցանկանայի, որ դասընթաները մի քիչ երկար շարունակվեր, որպեսզի ավելի շատ փորձ ու հմտություն ձեռք բերեի: Քանի որ գյուղում երեխայի առօրյան հագեցած չէ մշակութային և առահասարակ որևէ հասարարական գործունեությամբ, շատ կցանկանայի, որ նրանք էլ ներառվեն Ձեր արգասաբեր ու հանրօգուտ գործունեության մեջ»: 
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Ա. Մինասյանը շնորհավորեց ծրագրի մասնակիցներին և նրանց հանձնեց վերապատրաստման դասընթացների մասնակցության վկայականներ: 
Եզրափակիչ ցուցահանդես-միջոցառմանը ներկա էին ծրագրին մասնակից համայնքների ներկայացուցիչներ, մանկավարժներ, ծնողներ և սաներ: Ներկաները դիտեցին «Մասնագիտական կողմնորոշման» դասերի արդյունքում կենտրոնի սաների և համայնքների դեռահասների համատեղ պատրաստած աշխատանքների ցուցահանդես, ծրագրի 1-ին և 2-րդ փուլերի վերաբերյալ ամփոփ տեսանյութ:
Միջոցառումը եզրափակվեց «Ընտանիք» կենտրոնի սաների և համայնքների դեռահասների   գեղարվեստական ելույթներով:
 
Ս. Պետրոսյան
          
18/09/2017