You are here

«Գիքորը» պատմվածքի և «Ձախորդ Փանոսը» հեքիաթի բեմականացում

«Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում, Հովհաննես Թումանյանի 150-ամյակին նվիրված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շրջանակում, ապրիլի 1-ին տեղի ունեցավ «Գիքորը» պատմվածքի հիման վրա բեմադրված թատերական ներկայացում: 
Միջոցառմանը ներկա էր կենտրոնի տնօրինությունը, մանկավարժներ, ծնողներ և սաներ: 
Ներկայացումը սկսվեց Համբոյի ու Գիքորի երկխոսությամբ՝ գյուղից քաղաք գնալու, լավ մարդ դառնալու մասին, որին հաջորդեց Գիքորի բազազ Արտեմի մոտ աշխատանքի անցնելու տեսարանը: 
Հատկանշական և ոգևորիչ էր բեմադրիչի ներկայությունը և բազազ Արտեմի կերպարի դերում հանդես գալը, որն ավելի ինքնավստահություն հաղորդեց սաներին: 
Ազդեցիկ և հուզական էր ներկայացված նաև հայրենի գյուղի ու ընտանիքի հանդեպ Գիքորի տածած կարոտը, քաղաքում ինքնադրսևորվել չկարողանալու հանգամանքը, որոնք նպաստեցին նրա ողբերգական մահին: 
Ապրիլի 3-ին կենտրոնի թատերական խմբակի սաները, առաջնորդվելով «Հեքիաթը մարդուն դաստիարակելու ամենալավ միջոցն է» գաղափարով, ցուցադրեցին նաև «Ձախորդ Փանոսը» հեքիաթի բեմականացումը: 
Թումանյանական հերոսներին մարմնավորած սաները ցուցադրեցին անկաշկանդ ու տպավորիչ բեմական խաղ: Թատերական խմբակի սաները կարողացան հանդիսատեսին փոխանցել թումանյանական շունչն ու բեմադրված ներկայացումների իմաստը: 
Հանդիսատեսը համակ ուշադրությամբ դիտեց ներկայացումները և ջերմ ծափահարություններով արտահայտեց իր գոհունակությունն ու հիացմունքը:
 
Հ. Սարգսյան
          
05/04/2019