You are here

«Ընտանիք» կենտրոն. «Արհեստը կաթ- կաթ աղբյուր է» խորագրով ցուցահանդես

Նոյեմբերի 17-ին  ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում կայացավ   «Արհեստը կաթ- կաթ աղբյուր է» խորագրով ցուցահանդես: 
Ցուցասրահում ներկայացված էին գորգագործության, կարպետագործության, ասեղնագործության, արծաթագործության, ուլունքագործության և խեցեգործության խմբակների սաների ստեղծագործական աշխատանքները: 
Ցուցահանդեսի նպատակն էր ներկայացնել սաների ստեղծագործական կարողություններն ու հմտությունները, բարձրացնել հետաքրքրությունն ազգային արհեստի և արվեստի նկատմամբ: 
Միջոցառմանը ներկա էին արվեստագետներ, ծնողներ և մանկավարժներ, սաներ: 
Ցուցահանդեսին մասնակից սաները Հ. Շիրազի՝  «Արհեստ սովորի'ր, մի' լինիր նազուկ, արհեստն է մարդուն ոսկի բիլազուկ» իմաստուն  խոսքերը դարձրել էին ուղենիշ՝ արհեստի ու արվեստի գործեր ստեղծելու համար:  
Սաները հակիրճ տեղեկություններ հաղորդեցին ցուցադրված յուրաքանչյուր արհեստին բնորոշ առանձնահատկությունների և հայկական մշակույթի պահպանման գործում դրանց կարևորության վերաբերյալ: 
Ներկաները շրջեցին ցուցասրահով, ծանոթացան ներկայացված գործերին և բարձր գնահատեցին դեռահասների մասնագիտական կարողություններն ու հմտությունները:  
Լավագույն մասնակից սաները պարգևատրվեցին պատվոգրերով: 
«Ընտանիք» կենտրոնի փոխտնօրեն Սվետլանա Պետրոսյանը, ամփոփելով միջոցառումը, կարևորեց նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը, որի արդյունքում սաները ոչ միայն հմտանում են ընտրած մասնագիտության մեջ, այլև դառնում են հայ ավանդական արհեստների ու արվեստների ճյուղերը պահպանողներ ու շարունակողներ:  
 
Ն. Մարտիրոսյան
               
18/11/2017