Ընթերցանությունը մտածողության և մտավոր
զարգացման աղբյուրներից մեկն է:
Վ.Ա. Սուխոմլինսկի
ՀՀ կրթության և գիտության նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը հունիս-սեպտեմբեր ամիսներին իրականացրեց «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» խորագրով փառատոն:
Ծրագրի նպատակն էր սաների մոտ զարգացնել ընթերցելու մշակույթ, ամրապնդել սերը ընթերցանության հանդեպ, դեռահասների մոտ ձևավորել գրադարան հաճախելու և ընթերցասրահներից օգտվելու մշակույթ, նպաստել սան-գրադարան կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, ինչպես նաև համալրել կենտրոնի գրադարանը նոր գրքերով:
Ծրագիրը մեկնարկել էր դեռևս հունիս ամսին հայտարարված գրքահավաքով և «Գիրքը և ես» խորագրով ստեղծագործական մրցույթով, որին ներկայացվել էին դեկորատիվ- կիրառական արվեստի բազմաոճ աշխատանքներ: Մրցույթի արդյունքներն ամփոփվեցին սեպտեմբերի 20-ին մասնագիտական գնահատող հանձնախմբի կողմից:
Փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 4-ից 9-ը Շիրակի մարզի Աշոցք, Գոգհովիտ, Երազգավորս, Թորոսգյուղ, Ցողամարգ գյուղական համայքներում և «Ընտանիք» կենտրոնում անցկացվեց «Ընթերցանությունը՝ զարգացման աղբյուր» թեմայով սեմինարներ: Քննարկվեցին նաև «Երբ և ինչպես է ստեղծվել գիրքը» և «Ընթերցանության դերը կյանքում» թեմաները: Հետաքրքիր և բուռն քննարկումներից հետո սաներն ընթերցեցին Խաչատուր Աբովյանի Ձու գողացողը պատմվածքը, վերլուծեցին և մեկնաբանեցին առակի բարոյախրատական իմաստն ու բովանդակությունը:
Ծրագրի շրջանակում Ընտանիք» կենտրոնի Շիրակի մարզի գյուղական համայնքներում և Գյումիրում գործող խմբակների դեռահասները սեպտեմբերի 19-ին այցելեցին Շիրակի մարզային և Մկրտիչ Արմենի անվան կենտրոնական գրադարաններ: Նրանք ծանոթացան գրքերի հսկայական պաշարին, գրադարանից օգտվելու կանոններին և հետաքրքրաշարժ ու ուսանելի տեղեկություններ ձեռք բերեցին գրքերի հավաքագրման վերաբերյալ: Սաները գրադարաններից հեռացան տպավորված, խորը մտորումներով և նորից վերադառնալու պատրաստակամությամբ։
Սեպտեմբերի 26-ին Անի թաղամասի Սբ. Հակոբ Մծբնեցի եկեղեցու բակում անցկացվեց մասսայական բացօթյա ընթերցանության փառատոն, որին ներկա էին գրողների միության Շիրակի մարզային բաժանմունքի ներկայացուցիչներ, գրադարանավարներ, մանկավարժներ, թաղամասի բնակիչներ, ծնողներ, սաներ, ինչպես նաև անցորդներ: Ներկաները դիտեցին ստեղծագործական մրցույթին ներկայացրած աշխատանքների ցուցահանդեսը և դեռահասների հետ մասնակից դարձան բացօթյա ընթերցանությանը:
Տարբեր տաղավարներում ներկայացված էին անգլերեն, ֆրանսերեն, հայերեն բազմաժանր, ինչպես նաև մանկական և հոգևոր գրականություն:
Ավագ և մատաղ սերնդի ներկայացուցիչները, կողք կողքի նստած, ընթերցում էին և մեկնաբանում միևնույն հեքիաթը յուրովի. մանուկն իր մաքուր ու անկեղծ հոգով ու վառ երևակայությամբ, ծերունին` իր կյանքի փորձով ու իմաստությամբ:
Անցորդների դրական արձագանքները և դրվատանքն ավելի ոգևորեցին ընթերցողներին: «Շատ գովելի նախաձեռնություն է, հաճելի է տեսնել տարբեր տարիքի մարդկանց ընթերցելիս: Անցնում էի և ուշադրությունս գրավեց գրքերի տաղավարները: Գտա նաև իմ նախընտրելի ստեղծագործություններից մեկը»,-կիսվեց իր տպավորություններով անցորդներից Աննա Ղազարյանը:
Փառատոնի շրջանակներում անցկացվեց նաև Արագ ընթերցանության» մրցույթ, որտեղ մասնակիցները բուռն խանդավառությամբ և ակտիվությամբ ջանում էին կարդալ ամենաարագը, ընթեռնելին և հաղթել մրցույթում:
Մրցույթի հաղթող Գյումրու թիվ 11 հիմնական դպրոցի աշակերտ Անահիտ Վարդանյանը պարգևատրվեց մրցանակով:
Պարգևատրվեցին նաև ստեղծագործական մրցույթում աշխատանքներ ներկայացրած մասնակիցները: Փառատոնը եզրափակվեց կենտրոնի սաների գեղարվեստական ելույթներով:
Զ. Հովհաննիսյան
29/09/2017