Փետրվարի 15-ին ԿԳՆ «Ընտանիք» կենտրոն մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվեց Վահան Տերյանի 133-ամյակին նվիրված «Մեր լեզվի մոգը» խորագրով գրական ցերեկույթ՝ կենտրոնի ուլունքագործության, մեքենայով ասեղնագործության և երգարվեստի խմբակների սաների մասնակցությամբ:
Միջոցառման նպատակն էր գնահատել մեծն բանաստեղծի ավանդը հայ գրականության ժառանգության մեջ, սաներին ծանոթացնել Տերյանի կյանքին ու գործունեությանը, հաղորդակից դարձնել բանաստեղծի հուզառատ և հոգեպարար ստեղծագործություններին:
Ցերեկույթը կառուցված էր Տերյանի՝ «Մթնշաղի անուրջներ», «Գիշեր և հուշեր», «Երկիր Նաիրի» ժողովածուներից ընտրված բանաստեղծությունների ընթերցմամբ, որոնք ընդմիջվում էին գրականագիտական վերլուծություններով՝ բացահայտելով Տերյան-վարպետի պատվավոր տեղը հայ մեծ բանաստեղծների Պառնասում:
Սաները, խոսելով Տերյանի չափածոյի լեզվաոճական առանձնահատկությունների մասին, մեջ բերեցին հայ դասական գրականության նշանավոր գրողների մտորումներն ու գնահատականները:
Կարոտի, կյանքի հանդեպ ունեցած սերն ու անհույս տառապանքը, բանաստեղծի ապրած խոր ու զգացմունքային ջերմությունը սաները փոխանցեցին ներկաներին՝ պատկերելով լուսավոր թախծի և քնքշաթույր ստվերի ուրվանկար: Նրանք կարողացան զգուշորեն ու հանգիստ փոխանցել կյանքից նեղացած, բայց կյանքին սիրահարված Տերյանի հույզերն ու ապրումները: Նրա լիրիկական ու անրջային ստեղծագործություններն ունկնդրելով՝ ներկաները հայտնվեցին մի աշխարհում, որը կոչվում է տերյանական:
Հավատարիմ մնալով Տերյանի բանաստեղծական լեզվի հնչեղ մեղեդայնությանն ու երաժշտականությանը՝ պոեզիայի ժամն ընմիջվում էր տերյանական երգերով, որոնք արդեն քանի˜ սերնդի հուզել և խորը ապրումներ են պարգևել:
Որպես ավարտ՝ ցուցադրվեցին հատվածներ Տերյանի կյանքի վերջին օրերից, հնչեց մահամերձ բանաստեղծի վերջին «Մնա՛ք բարով»-ը՝ ավելի ազդեցիկ ու տպավորիչ դարձնելով մթնոլորտը:
16/02/2018